«Գերիների հարցն ուզում են այսօր մեր պետության և ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար: Այո՛, նրանք մեզ կներեն՝ 1 կամ 2 երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե հանուն իրենց ազատության մենք զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը.Արմավիր գյուղում հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը.

«Պատերազմից հետո թողնել-փախչելը կլիներ ամենահեշտ լուծումը, բայց մենք փախչող չենք: Մենք չենք փախչել, չենք փախչում ու չենք փախչի։ Մենք համարում ենք, որ եթե պատմությունն այս դաժան բեռը դրել է մեր ուսերին, ուրեմն մենք պետք է այդ բեռը տանենք մինչև վերջ»,-հայտարարեց Փաշինյանն ՝ ավելացնելով, որ այսօր կրում ենք 25 տարի Հայաստանը կայացումից զրկած, կորսված ժամանակի հետևանքները:

«Այսօր շատերը գլուխ են գովում Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակով, բայց ու՞ր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը, այդ հաղթանակը նրա համար էր, որ մի քանի հոգի իրենց վիզները հաստացնեն, այդ հաղթանակը նրա համար էր, որ մի քանիսի լակոտները միլիարդատեր դառնային, այդ հաղթանակը նրա համար էր, որ սեփական ժողովրդին ստրկացնեին, որ հաղթանակած ժողովուրդը վախենար տանից դուրս գար:

Մենք այսօր մի բանի հետևանքների ենք առերեսվում, որ այդ հաղթանակով գլուխ գովացող շատերը Հայաստանի երեք նախագահների գլխավորությամբ մսխեցին այդ հաղթանակը, քյաբաբանոցներում, խաշանոցներում, իրենց դղյակներում և բանկային հաշիվներում: Մենք թույլ չենք տալու, որ մեզ ամեն ստահակ մեղադրանք առաջադրի, մենք այս պատմության մեջ մեղադրվող չենք, մենք այս պատմության մեղադրող ենք: Մենք խնդրում ենք, մեր թավշե մանդատը փոխարինել պողպատե մանդատով, որ դավաճաններին կանգնեցնենք իրենց ճշգրիտ տեղերը»,-ասաց Փաշինյանը:

Խոսելով պատերազմում պարտության մասին՝ Փաշինյանն ասաց՝ մենք պարտվել ենք, որովհետև ՀՀ քաղաքացին 25 տարի պարտվել է սեփական երկրում.

«Այդ պարտությունն էր, որ արտահայտվեց անգրագետ երեխաների, գործելու հնարավորություն չունեցող գործարարների, սեփական ձայնից զրկված քաղաքացիների, սոված ու բոկոտն զինվորների տեսքով: Այսօր զինվորի հաց գողացածները խոսում են զինվորի մասին և զինվորի անունից:

Ո՞վ եք դուք, որ խոսեք զինվորի մասին ա՛յ զինվորի հաց գողացող ստահակներ, մենք թույլ չենք տալու ձեզ խոսել ժողովրդի կամ զինվորի անունից»,-ասաց Փաշինյանը: