Գերեվարված զինծառայողների հարազատները պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ կատարվելիք այցի ժամանակ կոնկրետ պատասխաններ պահանջել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է գերեվարված շիրակցու հարազատը։

Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո գերեվարված շիրակցիներից 14-ին մեղադրանքներ են առաջադրվել Բաքվում։ Նախորդ շաբաթ ռազմագերիների հարազատները հանդիպել էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որը շատ լարված մթնոլորտում էր անցել, հարազատները նախազգուշացրել են, որ կտրուկ քայլերի են դիմելու, եթե ՀՀ իշխանությունները որեւէ քայլ չձեռնարկեն՝ մեր տղաներին վերադարձնելու համար։

«Փաստինֆո»-ն փորձեց պարզել, թե արդյոք արձագանք եղել է իշխանության շրջանակներից, սակայն Խծաբերդից գերեվարված զինծառայողներից մեկի հարազատը նշեց, որ իրենց հետ որևէ մեկը կապ չի հաստատել։

«Ոչ մի նորություն չկա։ Իրենք ասել են, որ ամեն ինչ արվում է, որ գերիները հետ վերադառնան, բայց ստույգ ոչ մի տեղեկություն չենք ստացել իրենցից»։ Ավելին՝ ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Բաքվում նաեւ դատական նիստի օր է նշանակվել՝ մեր հայորդիներին դատելու համար։

«Կառավարությունից պահանջելու ենք հստակ քայլեր ձեռնարկեն այդ հարցով, նաև կոչեր ենք անելու ՀՀ-ում բոլոր դեսպաններին, միջազգային կազմակերպություններին, որ այդ ամենին արձագանքեն, հասկանանք ինչ է լինելու»,- ասաց հարազատը։

Դիտարկմանը, որ այսօր մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, Նիկոլ Փաշինյանը լինելու է տարբեր մարզերում, ըստ տեղեկությունների եռակողմ բանակցությունները տապալվել են, զինծառայողի հարազատը նշեց, որ այլևս հույսեր չեն կապում իշխանությունների հետ.

«Ներկայիս կառավարության հետ կապված անձամբ ես հույսեր չունեմ, որովհետև, եթե ինքը իր գործունեության օրոք չկարողացավ որևէ դրական քայլի գնալ, վերընտրվելուց հետո իմ կարծիքով էլի նույն ինտենսիվությամբ են աշխատելու»։

Հարցին՝ եթե Փաշինյանը Շիրակի մարզ այցելի, ծնողները ինչպե՞ս դա կընդունեն, գերեվարվածի հարազատը նշեց, որ առանց որևէ կասկածի այցելելու են, ուղղելու բոլոր հարցերը ու պահանջելու բոլոր հարցերի պատասխանները։