Ընտրականին նախորդած նախընտրական գործընթացներն արդեն իսկ հետաքրքիր դեպքեր են վեր հանում։ Ընդ որում հանրապետության ողջ տարածքով։ Այս մասին գրել է  ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը իր ֆեյսբուքյան էջում.

«Այսօրվա տեսադաշտում Թումանյանի շրջանն է այնտեղ տիրություն անող իմքայլական Արեն Մկրտչյանով։ Սույն պատգամավորն իր հանդիպումներն անցկացնում է «Աթոռիկ» ռեստորանում, օրերս կալանքից ազատված քրեական հեղինակության «բարձր» ներկայությամբ, ով ճաղերի այս կողմից լույսը տեսնելու բերկրանքը զգացել է շնորհիվ իր հովանավոր նույն Արեն Մկրտչյանի։

Բոլոր հրավիրյալները անցնում են նրանց քաղուսուցման դասընթացները, ստանում քրեաքաղաքական անհրաժեշտ հրահանգավորումներ, մեթոդական ցուցումներ։

Ռեստորանի «թանկագին» այցելուների համար սնունդն ու խմիչքն անվճար է, ըստ պահանջի։ Ծառայության մատուցման համար ռեստորանն ազատված է հսկիչ-դրամարկղային կտրոններով սպասարկելու հոգսից։

Որքան տեղեկացված ենք, «թավշյա» հեղափոխության արշալույսին ՀԴՄ կտրոնների թեման գործող իշխանությունների կողմից բարձրացված էր համապետական խնդիրների մակարդակի, իսկ պայքարի առաջնագիծ էր հանված ազգային անվտանգության ծառայությունը։

Ի՞նչ եղավ իշխանությունների հեղափոխական էնտուզիազմի հետ։

Թե՞ համատեղվել են շահերը։

Իսկ պատգամավորին հուշենք՝ քրեական աշխարհը վարժված չէ երկրորդական դերերին։ Թող պատրաստ լինի հետևելիք ապտակին»։