Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում զանգվածային լրատվության միջոցները լուսաբանելու են նախընտրական գործընթացները, շտաբների աշխատանքը, հանդիպումները և այլն։

Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ ենք անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։

Ոստիկանությունը հետևողականորեն հետամուտ է լինելու և ունի բոլոր հնարավորությունները օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում կանխելու և բացահայտելու այդ կարգի բոլոր միջադեպերը»։