ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան հրավիրել Վաշինգտոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

Նրա խոսքով՝ Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ կպաշտպանի Ուկրաինայի շահերը հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը:

«Դա հեռախոսազրույց էր, որը նրանք ծրագրել էին անցկացնել նախագահ Բայդենի՝ Եվրոպա ուղևորվելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպման նախաշեմին: Նրանք հնարավորություն ունեին բավական երկար խոսել ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունների բոլոր հարցերի մասին։ Նախագահ Բայդենը կարողացել է նախագահ Զելենսկուն ասել, որ հաստատակամորեն կպաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրա ապագա ձգտումները: Նա նաև հայտնել է նախագահ Զելենսկուն, որ անհամբերությամբ սպասում է Սպիտակ տանը, Վաշինգտոնում, այս ամռանը, Եվրոպայից վերադառնալուց հետո»,- հայտնել է Սալիվանը: