Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ քաղաքացուն ուղղված ուղերձ էր հղել։

«Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր, «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր, նախկին քաղբանտարկյալ, 2012-18թթ. ԱԺ պատգամավոր, 2017-18 թվականներին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետ, վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Ուզում եմ չհանձնվես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, թե դու սխալվել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ: Քեզ փորձում են համոզել, թե ժամանակը հակառակը ցույց տվեց, որ կա՛մ պիտի հպատակ լինես քո հայրենիքում, կա՛մ կորցնես հայրենիքդ:

Իսկ ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է: Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք հանուն հայրենիքի, և արդյունքում պարզվեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում:

Այն պահին, երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքն արդեն նմանվում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որին փորձում էինք կառավարել՝ առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի: Գահավիժման այդ ընթացքը դժվարությամբ ենք կանգնեցնում՝ ծանր կորուստներով, բազմաթիվ զոհերով, անտանելի ցավերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներով:

Ու հիմա դու ընտրության առաջ ես՝ ենթարկվե՞լ ժամանակին, թե՞ քեզ ենթարկել ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետև այն ժամանակը, որ քեզ ենթակա չէր երեկ, մեր այսօրվա կորուստների առանցքային պատճառն է: Այսօրվա մեր դառնությունը կուտակվել է երեկ:

Հիշո՞ւմ ես քանի-քանի առիթներով և քանի-քանի տարիներ ես ապրել այն համոզումով, որ «էս երկրում ապագա չկա»: Ու այն ժամանակ, երբ փոխում էիր համոզումդ, վրա հասավ ամենամեծ աղետն ու էլի սկսեցիր մտածել, որ ապագա չկա:

Բայց այսօրը ապագա էր երեկ: Իսկ վաղն ապագա է այսօր, ու այն պիտի գա, եթե դու որոշես, որ այն կա՛, որովհետև ցավից չպիտի կորցնես ապագայի մասին երազելու և ապագան ամենօրյա աշխատանք դարձնելու կարողությունդ:

Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Քեզ գրում եմ՝ ասելու, որ Ապագա կա: Կա՛ ապագա, ու այն արարելու ենք այսօր:

Քո Նիկոլ»,- գրել էր Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի այս գրառման ներքո քաղաքացիները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել, որոնք մեծամասամբ քննադատական բնույթի են։ Իհարկե կան նաև Փաշինյանին գովերգող, նրան իրենց «սրտի վարչապետը» համարող մեկնաբանություններ ևս։

Irakanum.am-ը առանձնացրել է մի քանի մեկնաբանություն։

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Վարդանյանը՝ Փաշինյանի գրառումը մեկնաբանելով գրել է․

Բարև՛, կապիտուլյանտ

Քեզ պատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Տիգրան Վարդանյանը:

Ուզում եմ չհանձնվես և մինչև վերջ խայտառակվես, ուզում եմ չկասկածես, որ վստահաբար հունիսի 21-ին հայտնվելու ես քաղաքական աղբանոցում:

Ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ երկար տարիներ մենք ունեինք Արցախ և պաշտպանված Հայաստան, համերաշխ և արժանապատիվ հասարակություն, որը դու պառակտեցիր, դավաճանեցիր ու հանձնեցիր:

Այս պահին մեր հայրենիքն արդեն նման է անդունդ գահավիժող մի մեքենայի, որին փորձում ես կառավարել՝ առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի, բայց չես կարող, որովհետև կոտրել ես ղեկը, հանձնել անիվները, վաճառել արգելակը, մաս-մաս արել շարժիչը: Գահավիժման այս ընթացքը դժվարությամբ ենք փորձում կանգնեցնել՝ ծանր կորուստներով, բազմաթիվ զոհերով, անտանելի ցավերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներով, ու հաղթելու ենք քեզ:

Քեզ գրում եմ՝ ասելու, որ Ապագա կա: Կա՛ ապագա, ու այն արարելու ենք, և այդ ապագայում դու տեղ չունես:

Տիգրան Թուրվանդյանն էլ արձագանքել է․ Սյունյաց ողջույն քեզ։ Նման կերպ է արձագանքել նաեւ ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆայել Ավդալյանը։ Հայկ Զարգարյանն էլ մեկնաբանելով կոչը գրել է․ «Իզուր մի համոզի»։  Գրառման ներքո արձագանքելով օգտատերերից շատերը Փաշինյանին անվանել են «անհայրենիք», «կապիտուլյանտ» և այլն։

Փաշինյանին գովերգող մեկնաբանություններն էլ հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական կարգախոսն է։ Ոմանք գրառումը մեկնաբանելով գրել են․ «Ապագա կա»։

Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի գրառումը ունի 18 հազար հավանում, 3.1 հազար՝ «սրտիկ»։ Երկու հազարից ավելի օգտատիրոջ զայրացրել է այն։ Իսկ ահա 570 հոգի այն համարել է ծիծաղելի, ևս 43-ը՝ «լացելու», իսկ 15-ը՝ «զարմացել»։ Այս ամենն իհարկե ֆեյսբուքյան «սմայլիկների» տեսքով։ Փաշինյանի գրառումով կիսվել է 2221 օգտատեր։

Irakanum.am