Այս դավաճանին ձայն տալով դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը: Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը՝ դիմելով այն քաղաքացիներին, որոնք դեռ ցանկություն ունեն ընտրել Նիկոլ Փաշինյանին:

«Արդեն 27 օր է մեր ինքնիշխան տարածքում են գտնվում թշնամական զորամիավորումները: Ամեն օր հովիվներ ու զինվորներ են գերեվարվելու, թշնամին նոր գյուղեր ու ավաններ է գրավելու: Ձեզ չեն հարգելու ոչ դրսում, ոչ ներսում, անարգելու են: Մենք դառնալու ենք իզգոյ պետություն ու նաեւ իհարկե, իզգոյ ժողովուրդ, որի հետ ոչ ոք չի ցանկանում հաշվի նստել:

Դիմում եմ նաեւ մեր այն հայրենակիցներին, որոնք հիասթափված են ու անտարբեր: Հայեր, իմ սիրելի հայեր, դուրս եկեք այդ անտարբերության մահաբեր ու կործանարար թմբիրից: Կոչ եմ անում մեր բոլոր համակիրներին, օգտագործեք այս քարոզարշավը դեռեւս նիկոլիզմով ախտահարված բարեկամների, ընկերների հետ զրուցելու, նրանց հարցերին պատասխանելու համար:

Օգնեք նրանց, նրանք ձեր քույրեն ու եղբայրներն են, եղեք համբերատար ու անկեղծ: Մենք մեր հերոս նահատակներին իրենց առողջությունը  հայրենիքի զոհասեղանին դրած զինվորներին, սպաներին ու նրանց սերունդներին հաղթանակած ու հզոր հայրենիք ենք պարտք: Իսկ պարտք փակելը նորմալ մարդու համար արժանապատվության հարց է: Պատվի հարց է, իսկ մենք պատիվ ունենք: Աստված զորավիգ բոլորիս»,-ասաց նա: