Ամենամեծ խախտումը գիտե՞ք որն է, որ այսօր շուրջ 1000 ադրբեջանցի մտել է մեր երկիր, նախիր է գողանում, մարդ է սպանում, ահաբեկում է, ռազմագերի է վերցնում, և այս իրավիճակում, փոխանակ ներսում ամրանանք, քայլեր անենք, որ մեր միասնական ճակատը դրսում ամուր լինի, նայեք ինչ են անում՝ մեր երկրում առյուծի նկարներով ման են գալիս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցություն ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նաև նկատեց, որ Օնիկ Գասպարյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մեղադրանքը իրենց զարմացրել է: Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատերազմից հետո առաջարկել է ստեղծել փաստահավաք խումբ, սակայն Նիկոլ Փաշինյանը այդ առաջարկը մերժել է, ինչպես որ մերժել են նաև նախկին իշխանությունները. «Դե եթե դու ազնիվ էիր, պիտի կողմ լինեիր, որ այդ անկախ մարմինը ստեղծվեր և քննություն անցկացներ։  Ըստ այդմ, այդ մարդիկ չպետք է խոսեն պատերազմի մասին, քանի որ իրենք մերժել են ԼՀԿ-ի առաջարկը»,-նկատեց ԼՀԿ առաջնորդը։

Խոսելով բանակաշինության մասին,  Մարուքյանը կարծում է, որ բանակի թեման երբեմն անարդար ու անհարկի է շահարկվում.«Յուրաքանչյուր արական սեռի զավակ ունեցող ծնող, պետք է իմանա, թե ինչ բանակ է ուղարկելու իր երեխային: Այն բանակն է՞ ուղարկելու, որի մասին այսքան շատ ենք խոսում։ Առանց ներքին համերշխության մեր երեխաներին ոնց ենք ուղարկում բանակ, առանց ներքին համերաշխության ինչ բանակաշինության մասին է խոսքը։ Մեզ համերաշխություն և միասնականություն է պետք։ Այս իրավիճակը պետք է քննել, սխալները ուղղել, իսկ պատասխանատուները պետք է պատիժ կրեն»,-շեշտեց Մարուքյանը:

Նա նաև նկատեց, որ այսօր՝ քարոզարշավի առաջին օրը, ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել պատերազմի ժամանակ պետական դավաճանության մասին։

«Նման լուրերն ինչպես միշտ առաջինը Փաշինյանն է տարածում: Փաշինյանը իր քարոզչության մեջ դա ասաց, մարդիկ զարմացան, իսկ հետո հայտնվեց այդ մամուլի հաղորդագրությունը: Ստացվում է այդ պրեսս- ռելիզներն է ինքը տալիս էլի, այսինքն այդ առումով էլ է օգտագործում է վարչական ռեսուրսը»,-շեշտեց Մարուքյանը: