ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է «սատկած առյուծի վրա հեծած» իր լուսանկարի պատմությանը։

«Դա եղել է Տանզանիայում, եղել եմ մի շատ-շատ համաշխարհային անուն ունեցող մարդու հրավերով։ Նախագահ չեմ եղել, նախագահությունից հետո է եղել, 10, թե 11 թիվն էր։ Իր ընտանիքի հետ անց եմ կացրել այնտեղ 1 շաբաթ։ Եվ ասեմ, որ այս վերջին 10, տասնքանի տարիների ընթացքում շատ և շատ նման կարգի հետաքրքիր անուն ունեցող, մեծ հաջողությունների հասած մարդկանց հետ շփման մեծ մակերես ունեմ։ Տարբեր տեղերում հանդիպում ենք, ոչ թե որսի, որսի մի անգամ է եղել, տարբեր տեղերում հանդիպում ենք, ինչ-որ․․․ հետո ես եմ հրավիրում, իրենք են գալիս։ Եվ այդ շփումը հնարավորություն է տալու ինձ շատ լուրջ ներդրումային հոսքեր ապահովել Հայաստան», — հունիսի 5-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Նոր-Նորք վարչական շրջանների քաղաքացիների հետ հանդիպմանն (ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ համատեղ) ասել է Քոչարյանը։

Հունիսի 4-ին ՔՊ-ականների վարչապետի թեկնածու, իմքայլական վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Հովտաշատ համայնքում փոքրաթիվ հավաքի ժամանակ թափահարել էր Քոչարյանի՝ «առյուծի վրա հեծած» լուսանկարը և ասել, որ վերջինս «մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ»։
Երկրորդ նախագահը նշել է, որ որսն իր հոբբիներից մեկն է, և որ շփումների մեջ «անձնական վստահությունը չափազանց կարևոր է»։

«Որովհետև նաև անձնական վստահությունը նման կարգի մարդկանց հետ չափազանց կարևոր է։ Պետք է վստահեն և՛ երկրին, և՛ երկրի առաջին դեմքին։ Շատ կներեք, բոլորը գիտեն՝ որսն իմ հոբբիներից է, բայց հիմնականում Հայատանում այդ որսը կարող է լորի որս լինել, կաքավի որս լինել, իմ հոբբին է, և ես երբեք չեմ էլ թաքցրել։ Հայաստանի որսմիության անդամ եմ, գրքույկն ունեմ, նաև որսորդական զենք ունեմ՝ իմ վրա գրանցված, օրինական։ Բնությունը շատ եմ սիրում, շատ եմ հարգում և դրա համար սեզոնից դուրս երբեք որևէ տեղ որևէ որս չեմ արել, որևէ անօրինական բան այդ առումով չեմ արել», — նշել է նա։

«Ես զգում եմ, որ արդեն մեր ժողովրդի մի զգալի մասը մեզ արդեն որպես իշխանություն է ընկալում։ Եվ այնպիսի հարցեր են տալիս, որոնք իրականում պետք է ուղղված լինեին գործող իշխանությանը։ Իրենց [իշխանությունների] հետ երևի որևէ հույս չեն կապում, որովհետև այլ կերպ չես կարողանում բացատրել, եթե ինչի այդ հարցերն իրենց չեն տալիս», — հավելել է Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործչի խոսքերով՝ նման հարցերի պատասխանները տալու փոխարեն, Փաշինյանն իր նկարով է քայլում։ «Իմ նկարով է քայլում [Փաշինյանը]։ Հիմա եթե աֆտոգրաֆ է ուզում, խնդրեմ, կարամ մակագրեմ, ամսի [հունիսի] 21-ին՝ տենց ավտոգրաֆով», — եզրափակել է նա։

Հանդիպումը վարողն էլ արձագանքել է․ «Գիրք նվիրենք, պարո՛ն նախագահ, Հայաստանի նորագույն պատմությանը կծանոթանա»։