Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես նիկոլը հաղթեց ինձ: Մեղքերը կշռելու ժամանակը: Երկխոսություն պարտվածից հիասթափվածների հետ

Իմ մասին շատ երկար չեմ խոսի, նախ` կարևոր չէ, երկրորդ` թե՛ իմ հրապարակային գործունեությունը, թե՛ իմ մասին հյուսված լեգենդներն ու բամբասանքները, թե՛ իմ անցած ուղին եղել են ձեր բոլորի աչքի առաջ: Իշխանության մեջ եղած ժամանակ ստացած հարվածների պատճառով էլ առաջացած պաշտպանական ռեակցիային ու խաղացած կոշտ, ամբիցիոզ, ագրեսիվ մարդու դերիս ևս ծանոթ կլինեք: Այս կերպարը գուցե օգնել է ինձ, բայց վստահաբար նաև վնասել է

Ուստի թվացյալ գոռոզությունն էլ համարեք իմ մեղքերից մեկը, որը գուցե նպաստել է, որ ինձ չճանաչող թեկուզ մեկը հավատա սուտասան պոպուլիստին, ով մարդկանց հետ իրենց լեզվով էր խոսում:

Ու ես ներողություն եմ խնդրում մարդուց:

Միշտ փորձել եմ հիմնավոր ու փաստարկված խոսել` մնալով բարեկրթության շրջանակներում ու չանցնելով կարմիր գծեր: Երեք տարի շարունակ ես ու իմ նման մարդիկ խելագարին անընդհատ փորձեցինք բերել բովանդակային դաշտ, բայց ավաղ….. ինքը մասնակիորեն հաղթեց մեզ… կոշտացավ մեր բառապաշարը, ախտահարվեց ու ատելությամբ վարակվեց մեր հոգին: Անհայրենիք ու անսկզբունք մարդակերպը մեզ սովորեցրեց ատել:

Ու ես ներողություն եմ խնդրում մարդուց սրա համար ևս:

Պատերազմից հետո փլուզվեցին վերջին կարմիր գծերը: Յուրաքանչյուր անգամ, երբ մտածում ես սա բարոյալքման վերջին շեմն է, նա ապացուցում է, որ ինքը դեռևս ունի ստորության չնվաճված բարձրունքներ:

Օրինակ, երեկ որպիսի «արդարացնի» հերոս տղերքի մասունքների անարգումը անձամբ իր ու իր անմեղսունակ նախարարի կողմից հոգեխանգարվածը փորձեց զուգահեռ տանել ապրիլյան պատերազմի հետ: Այլ կերպ ասած, նա փորձեց պղծել ու կեղծել զոհերի հարազատների ու անձամբ իմ հիշողությունը: Քանզի առիթը եկել է, ասեմ` ես լուռ, աննկատ, ու առանց լուսանկարիչ ներկա եմ եղել ապրիլյանի գրեթե բոլոր հերոսների հոգեհանգստյան ու թաղման արարողություններին, շատերի հարազատներին այցելել այդ տարի ու հետո: Նրանք գիտեն, ԵՐԲ են հուղարկավորել իրենց հանգուցյալներին: Ու կատարյալ նիկոլ պիտի լինել այդ հարցը որևէ կերպ շահարկելու համար: Աշխարհի բոլոր բառարաններում «պժգալի» բառի բոլոր հոմանիշները, ժողովրդական բառամթերքում առկա բոլոր հայհոյանքները, նիկոլական կանանց շուրթերին ապաստանած բոլոր անեծքները մեղմ շոյանք են սրան նկարագրելու համար:

Իսկ գիտե՞ք ինչու է Շուշիի թեման պարբերաբար սրա նրա գրպանը գցում: Քանզի հանցագործը միշտ ակամա մատնացույց է անում իր ամենամեծ մեղսագործությունը: Ինքը հո գիտի, որ Շուշիի անկումը արցախյան երկրորդ պատերազմի ամենամեծ դավադրությունն է, ամենամեծ առեղծվածը: Նա հո գիտի, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելով զոհել է ավելի քան երկու հազար ջահել երեխու, զոհել է, որ…. Շուշին ընկնի: Պատահական չէ, որ տիկին կապիտուլյանտը լենայի հետ իրենց ավանդական ֆոտոսեսիաները զոհվածների հարազատների տներով սկսել էին այն ոստիկանի տնից, ով զոհվել էր հոկտեմբերի 19-ից հետո:

Իմ ձայնը տաք տեղից չի գալիս, իմ ընտանիքում երկու զինվոր է եղել, որից մեկը` քեռուս տղան անհետ կորած է, իսկ մյուսը վիրավորվել է, ծառայել ամենաթեժ կետերում, հազիվ է փրկվել գերի ընկնելուց ու գիտի` ինչը ոնց է եղել: Ես համարում եմ, որ ստահակը ոչ թե փրկել է մի եղբորս, այլ զոհել մյուսին:

Չկա մարդ, ով մեղք չունի: Չկա սթափ մարդ, ով չի գիտակցում իր մեղքերը: Չկա նորմալ մարդ, ով չի ապաշխարում իր մեղքերի համար, իհարկե եթե դա չի անում, նորից նույն մեղքը կրկնելու համար: Հայաստանում հիմա եկել է մեղքերը կշռելու ժամանակը: Կան մեղքեր ու կա ոճիր: Կան մեղքեր ու կա եղերագործություն: Կան մեղքեր ու կա սպանդ:

Կշեռքի մի նժարին տարբեր ժամանակների մարդիկ են` մարդկային մեղքերով:
Կշեռքի մյուս նժարին ազգակործան պատուհասն է` անընդհատ ճղճղացող իր ձայնով, սխալներն ընդունելու անկարողությամբ, զոհերի արյունը ջուր դարձնելով: Սատանայական մեղքերով: Աստծուց չվախենալով:

Վերջին խռխռոցով նա փորձում է կշեռքի իր նժարը հավասարեցնել մյուսների նժարին: Բայց սատանան չի հասկանում, որ իր նժարը գետնին կպած պահում է կրկնապատկված Եռաբլուրը: Այդ անասելի ծանրությունը չես կարող հակակշռել ոչ մի այլ բանով:

Սիրելի՛ հայրենակից, որքան էլ բարդ ու ծանր լինի, որքան էլ թվացյալ ինքդ քեզ դեմ գնաս, պիտի զգաս պատմական պահը: Ընտրության չգնալ չի կարելի: նիկոլին քվեարկել չի կարելի, մանր մունր ռոմանտիկ նիկոլական ուժերի քվեարկել չի կարելի: Չանցնող ուժերի քվեարկել չի կարելի: Քեզնից է կախված Հայաստանի ապագան: Մի դարձի՛ր մեղսակից Եռաբլուրի մեղքի տակ կքածին:

Հ.Գ. Վերջին օրերին Քոչարյանի հանդեպ հիվանդագին դրսևորումները պետք է համարել դրական: Նրան համարում է իր մրցակիցը, նրա «խաթր» անգամ ապագայից չի խոսում: Նրան չպետք է խանգարել, երեք տարվա մեջ առաջին անգամ իր կործանարար ու քանդող էներգիան ինքն իր դեմ է օգտագործում, մաշում է իրեն: Բարի երթ պատուհաս»: