«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանգստյան օրերին Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, դարձյալ հանդիպումներ կկազմակերպի, որպեսզի հակաքարոզչության հերթական դոզան բաց թողնի: Իսկ երկուշաբթի կսկսվի պաշտոնական քարոզչությունը: Ինչպես նշում են փորձագետները, քանի որ Փաշինյանը ոչ մի խոստում չի կատարել, երկիրը հասցրել է անդունդի եզրին, մշտապես խաբել է, հիմա ասելիք չունի, ուստի նորից «նախկինների» թեզերն է առաջ քաշելու և թիրախավորի ընդդիմությանը: Երեկվա օրն էլ բացառություն չէր: Փաշինյանի ու իր թիմակիցների վերջին օրերի ու մասնավորաբար երեկվա ջղաձգումները վկայում են նրանց խորացող տագնապների մասին, այն աստիճան, որ մարդը նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի նկարն է իր հետ ման տալիս:

Դրան գումարած, իրենց սովորության համաձայն, Փաշինյանն ու մյուս «քայլողները» միայն ատելություն ու թշնամանք են տարածում և քարոզում: Փաստացի միակ բանը, որ ստացվում է իրենց մոտ: «Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ Փաշինյանը հանձնարարել է այնպես անել, որ իր հանդիպումներին հանկարծ «Քոչարյանի հետ հանդիպումներին գնացողներից» քիչ մարդ չլինի: Դրա համար այս օրերին պատասխանատուները ոտքուձեռք ընկած փորձում են մարդ «հավաքագրել»՝ հանդիպման բերելու համար, ինչպես անցած շաբաթ-կիրակի օրերին էին արել: Դարձյալ շատ ուժեղացված են լինելու անվտանգության միջոցառումները: Հրահանգվել է նաև ամեն ինչ անել, որ «կողքից» մարդիկ չլինեն իր հավաքներին ու անհարմար հարցեր չտան հանկարծ, կամ վիրավորանքներ չհնչեն իր հասցեին:

Սակայն նման հանձնարարությունները կատարելը գնալով դժվար է դառնում, քանի որ նույնիսկ մեքենաներով տարբեր բնակավայրերից մարդ տեղափոխելն է բարդացել: Օրինակ՝ նախորդ շաբաթվա հանդիպումների մասնակիցներից շատերը իրենց շրջապատի մարդկանց, բարեկամների ու հարազատների աչքերի մեջ չեն կարողանում նայել, քանի որ վերջիններս նրանց խեթ-խեթ են նայում՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում