Աբովյանի դատաբժշկական կենտրոնի այդ տեսարանները բոլորիս բորբոքեցին, բայց 2018-ին Հայաստանում դատաբժշկական կենտրոններում եղել է ընդամենը 25 սառնարանային տեղ եւ դիահերձարան: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյի ժամանակ իր ելույթում նշեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ, բոլորդ իմանաք, որ պատերազմի հետ կապված բոլոր զոհերը պետք է բերվեն այդտեղ՝ առանց բացառության: 2018-ին եղել է ընդամենը 25 մարմին պահելու տեղ, որոնց մի մասը չի աշխատել: 2018-ից հետո Կենտրոնական դատաբժշկական կենտրոնը պակիտալ վերանորոգվել է: 2018-ի դրությամբ Հայաստանում ԴՆԹ սեկվենատոր չի եղել: 2018-ին կառավարությունը ձեռք է բերել սեկվենատոր, որով իրականացվում են դիերի նույնականացումները:

Ես սա չէի ուզում ասել, բայց ոմանց կոկորդիլոսի արցունքները տեսնելուց հետո անպայման կասեմ. Մեկը հարց տվե՞լ է՝ 2016-ի ապրիլյանի զոհերը ի՞նչ պայմաններում են պահվել, իսկ չճանաչելի մարմինների նույնականացումը ո՞նց է արվել եւ որտեղ: Հայաստանում չի եղել դրա տեխնիկական հնարավորություն: Այդ ժամանակվա իշխանություններն այսօր ուշագնացության տեսարաններ են ցուցադրում: Որտե՞ղ եք պահել եւ ոնց եք նույնականացրել: Բերաններս եք բացո՞ւմ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրերս համացանցում տարածվեցին Աբովյանի դիահերձարանից լուսանկարներ, որտեղ երեւում էր, որ զինծառայողների դիակները պարկերով լցված են սենյակի հատակին:  Այս փաստի առթիվ քրգործ է հարուցվել: