Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողներին: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

ԿԽՄԿ ներկայացուցիչները արդեն այցելել են հայ զինծառայողներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին, առողջական վիճակին և օգնել կապ հաստատել հարազատների հետ։

«Առաջին այցի նպատակն է գրանցել անձանց, որոնք գտնվում են գերեվարման մեջ, որպեսզի կարողանանք կանխել մարդկանց անհետացումները։ Այնուհետև պարբերական այցերի շրջանակում ստուգվում են պայմանները, առողջական վիճակը, հաստատվում կապը ընտանիքների հետ»։

Զառա Ամատունին տեղեկացրեց, որ ՀՀ տարածքից գերեվարված զինծառայողները նաեւ Կարմիր Խաչի միջոցով կապ են հաստատել հարազատների հետ

Ինչ վերաբերում է ավելի վաղ գերեվարված մեր հայորդիներին, ապա Ամատունին ընդգծեց, որ պարբերական այցերի շրջանակում նրանց տեսակցել են մայիսի վերջին:

«Բոլոր մնացած անձանց, որոնց անունները հաստատված են, մենք այցելել ենք, հերթական տեսակցությունը եղել է մայիսի վերջին և այդ այցի շրջանակներում հնարավորություն է տրվել տարբեր հաղորդակցության միջոցներով՝ ներառյալ տեսաուղերձներ, շարունակել կապը պահպանել հարազատների հետ»։