Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար կոչվելու իրավունք չունի, եթե չի տիրապետել բանակի իրադրությանը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը պատերազմից հետո է միայն իմացել, որ բանակում զրահաբաճկոնի և սաղավարտի խնդիր կա:

ՊՆ նախկին նախարարի դիտարկմամբ՝ պատերազմի ողջ ընթացքում իշխանությունը տարբեր ճակատներում ռազմական իրադրությանը չի տիրապետել, ոչ ճիշտ եզրակացություններ են արել ռազմաքաղաքական իրավիճակից։

«Սա նշանակում է, որ ինքը ոչ միայն զրահաբաճկոնի և սաղավարտի մասին տեղեկություն չի ունեցել, այլ՝ մնացած խնդիրների մասին էլ տեղյակ չի եղել, համոզված եմ, որ հրամանատարական կազմը իրեն համապատասխան զեկույցներ է տվել, իսկ ինքը հիմա փորձում է մանիպուլացնել և հանրությանը շեղել: Ինքը պատերազմից առաջ ասում էր՝ կամավորական ջոկատներ կազմեք, ով-ինչ իրենց տանն ունի՝ զրահաբաճկոն, զենք զինվեք և եկեք բանակ: Սա վկայում է նրա մասին, որ հիմա ինքը ստում է »,-ասաց Սեյրան Օհանյանը և ավելացրեց.«Երբ ես ՊՆ նախարար էի, մենք հայ-լեհական համատեղ ընկերություն էինք ստեղծել, որը բազմաթիվ ռազմական միջոցներ է արտադրել՝ այդ թվում զրահաբաճկոն, սաղավարտ: Ինձանից հետո այդ կազմակերպությունը փակվել է, հիմա իրենց հարցրեք՝ ինչու՞ է փակել: Մենք չենք ունեցել գերագույն հրամանատար, որը մինչև մանրուքները չխորանա բանակի խնդիրների մեջ: Ինքն այդ դեպքում գերագույն գլխավոր հրամանատար կոչվելու իրավունք չունի, եթե չի տիրապետել իրադրությանը , իսկ ինքն իրականում չի տիրապետել: Մի կողմից ասում է՝ կասկածու՞մ եք, որ ես գերագույն հրամանատար եմ, մյուս կողմից ասում է՝ ես պարզապես մոդերացիա եմ արել։ Այդպիսի հասկացողություն չկա, գերագույն հրամանատարը պարտավոր է մանրակրկիտ ուսումնասիրել իրադրությունը »,-ասել է Սեյրան Օհանյանը:

ՊՆ նախկին նախարարի համոզմամբ՝ պատերազմից հետո իշխանությունը շարունակում է չտիրապետել իրավիճակին, ինչի հետևանքով էլ հակառակորդն օրեցօր մխրճվում է մեր սուվերեն տարածք.

«Պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը իրադրությանը չի տիրապետել, դա միանշանակ է,եթե ինքը գոնե բանակցային ողջ ներուժը կուտակված օգտագործեր, պատերազմ չէր սկսվի, ոչ էլ պատերազմից հետո է տիրապետել, և մենք չենք կարողացել ժամանակին մեր սահմանները նշել, սահմանապահ ծառայություն և դիքեր տեղադրել, դրա մասին է խոսում նաև այն, որ ադրբեջանցիները օրըստօրե մխրճվում են մեր տարածք »,-ասաց Օհանյանը:

Հիշեցնենք, որ իր խոսքում Նիկոլ Փաշինյանը մեղադրել են զինվորականներին, որ իրենց չեն զեկուցել սաղավարտի և զրահաբաճկոնի բացակայության մասին:

Անդրադառնալով այս մեղադրանքներին, Սեյրան Օհանյանը նշեց, զարմանալի է՝ ինչու զինվորականները չեն արձագանքում Փաշինյանի մեղադրանքներին.

«Ես զարմանում եմ, որ զինվորականներից որևէ մեկը չի պատասխանում նրան, բայց ես չեմ հավատում, որ զինվորականները չեն զեկուցել իրեն այդ խնդրի մասին: Պետք է բանակի ղեկավարությունը պարզաբանում տա՝ինչո՞ւ զրահաբաճկոն, սաղավարտ չի եղել, որովհետև մենք ապառազինության, ռազմական տեխնիկայի պետական ծրագրում, որը ես էի մշակել եղել են մեծ քանակությամբ գնումներ, այդ թվում՝մեծ թվով զրահաբաճկոններ և սաղավարտներ»,-ասաց Սեյրան Օհանյանը: