«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող խմբակցությունն այլեւս իրավիճակը չի կարող իր բուռը հավաքել։ ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանի թեկնածությունը։

Ասել է թե՝ Գագիկ Ջհանգիրյանը Հովսեփ Բեդեւյանին հանդիպել է, ստացել ԲԴԽ-ին անհրաժեշտ «հավատարմության երդումը» եւ ԱԺ է ուղարկել թեկնածությունը։

«Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ օրերս դատավորի թեկնածուին է հանդիպել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հուսադրող բաներ չի ասել։ Ասել է, որ «Իմ քայլը» խմբակցությունում առաջվա նման միատարր վիճակ չէ, հազիվ 67-68 պատգամավոր հավաքվի։ Կեսը նեղացած են խմբակցությունից, չեն քվեարկի, կեսը չի գալիս ԱԺ։ Մի խոսքով, անհրաժեշտ 79-80 ձայներ ապահովելը ընտրության համար իշխող խմբակցությունը չի կարող։

Հիշեցնենք՝ երեկ «Իմ քայլը» չկարողացավ անցկացնել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Բարսեղյանի թեկնածությունը, որը նույն խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կինն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում