Նույնիսկ սպանության գործով եմ մեղադրյալին ազատ արձակել։ Սա նոնսենս չէ ինձ համար, պետք է դոգմա դառնա, որ վարույթ իրականացնող մարմինը մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ համոզիչ փաստեր բերի առ այն, որ մեղադրյալի նկատմամբ հենց կալանավորումը պետք է ընտրվի որպես խափանման միջոց։ Ինձ նման համոզիչ փաստեր չեն ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ երեկոյան անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատներից մի քանիսը գնացել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հայրական տուն, որտեղ այդ պահին եղել է մայրը՝ «դժգոհելով» պատերազմի ընթացքում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու գործով մեղադրյալ Իշխան Վահանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամիս առաջ վերացնելու դեմ։

Քաղաքացիները որոշել են գտնել նաև դատավորի փաստացի բնակության հասցեն, իսկ չգտնելու դեպքում՝ գնալ դատարան։ Նկատենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը Վահանյանի խափանման միջոցը փոխելու որոշումը կայացրել է երկու ամիս առաջ, ինչից հետո նախաքննական մարմինը որեւէ խափանման միջոց չի ընտրել, ուստի՝ այս պարագայում հասկանալի չէ, թե ինչու է թիրախավորվում դատավոր Ալեքսանդր Ազարյանը, այն էլ ամիսներ անց։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ որոշումը կայացրել է միայն ու միայն օրենքի սահմաններում, իսկ թե ինչու մեղադրյալի նկատմամբ նրա կալանքից ազատ արձակվելուց հետո խափանման միջոց չի ընտրվել, չի կարող ասել։ «Թե ինչու են ինձ անհանգստացնում՝ ինձ թվում է բոլորին պարզ հասկանալի է, առավել ևս՝ ես տեղեկություն ունեմ, որ այս գործընթացն ուղղորդված է կոնկրետ անձի կողմից»,- նշեց Ալեքսանդր Ազարյանը՝ ավելացնելով, որ ծնողների գործողություններում միտումնավորություն չի տեսնում, այլ կարծում է, որ ավելի շուտ նրանց տրամադրել են իր դեմ՝ առանց բացատրելու որոշման էությունը. «Եթե ծնողների մեջ իրավաբան լինի կամ շատ թե քիչ՝ ուսանողի մակարդակի իրավաբան, որը կկարդա որոշումը, ապա նա կհաստատի, որ ես այլ բան չէի կարող անել» ։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում դատավորի հասցեին նախօրեին հնչում էին նաեւ սպառնալիքներ, արդյոք դատավորը չի պատրաստվում սահմանված ընթացակարգով քայլեր ձեռնարկել՝ «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան նա նշեց,

«Դուք կոնկրետ սպառնալիք բառն օգտագործեցիք, ես ասում եմ սպառնալիքի նոտաներ։ Ես իրավապահ մարմիններին չեմ դիմելու, թողնում եմ նրանց խղճին։ Եթե գտնեն, որ այդ հայտարարության մեջ կան սպառնալիքներ՝ դատավորի նկատմամբ, ապա կհարուցվի քրեական գործ, եթե չհարուցվի՝ հաղորդում չեմ ներկայացնելու, որոշմանը չեմ սպասելու, եթե որոշում կայացվի քրեական գործ չհարուցելու մասին, այն չեմ բողոքարկելու»։ Նշենք, որ ծնողները նաև հայտարարել են, որ դատավորի բնակության վայրը չգտնելու դեպքում, պատրաստվում են գնալ Վերաքննիչ քրեական դատարան։ Այս հարցին անդրադառնալով դատավորը նշեց. «Ես հանդիպելու ինչ ունեմ այն մարդկանց հետ, որոնք ինձ սպառնում եմ։ Ինչ ունեմ բացատրելու այն մարդկանց, ինչի մասին բացատրությունը տվել եմ իմ որոշմամբ»։ Նրա խոսքով՝ եթե պատրաստվում են գնալ Վերաքննիչ դատարան, ինչի մասին հայտարարել են, վստահ է՝ իրավապահ մարմինները ևս տեղյակ են, դա իրենց գործն է՝ կանխել այն ամենն, ինչ տվյալ անձը սպառնալիքների տեսքով հայտարարել է։