Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հարցականի տակ է. սահմանին լարվածությունը չի նվազում: Երևանը հարևանին մեղադրում է ապօրինի ներխուժման համար: Բաքուն հավաստիացնում է, որ սահմանազատում է իրականացնում խորհրդային քարտեզների հիման վրա: Իրավիճակին միջամտել է Իրանը՝ ստեղծված իրավիճակն իր համար վտանգ համարելով: «ՌԻԱ Նովոստի»-ին փորձել է պարզել, թե ինչով է հղի հերթական սրացումը:

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովը տարածաշրջանային կապերի ապաշրջափակման հարցով չի կարող շարունակել աշխատել նման պայմաններում: Երևանը կանի ամեն ինչ՝  սահմանին առկա խնդիրները խաղաղ և դիվանագիտական ճանապարհով լուծելու համար», — ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀՀ Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վեց հայ զինծառայողների գերեվարումից հետո Նիկոլ Փաշինյանն օգնության համար դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝  Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին: Այցելելով Կութ գյուղ`  նա առաջարկել է կարգավորման ծրագիր. ադրբեջանցի և հայ զինվորականները պետք է միաժամանակ լքեն սահմանային գոտին: Վիճելի տարածքներում Փաշինյանը կցանկանա դիտորդներ տեղակայել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից:

Մոսկվան ի գիտություն է առել այս առաջարկը, Ադրբեջանն անտեսել է այն, ԵԱՀԿ Մինսկի խումբն առայժմ լռում է: Բայց Իրանը, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հիմնական գործընկերներից մեկը, անսպասելիորեն խոսել է:

«Հայաստանի հետ սահմանը Թեհրանի համար կարմիր գիծ է: Բաքուն շարունակում է Հայաստանի հարավային սահմաններն ուժով գրավելու փորձերը: Մենք անհանգստացած ենք, որ դա կարող է կտրել մեզ Երևանից», — ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն:

Նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում եռակողմ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր Իրանի իշխանությունները բարձրագոչ հայտարարություններ չեն արել: Չնայած, երբ պատերազմը շարունակվում էր, Թեհրանը պարբերաբար մեկնաբանում էր իրադարձությունների ընթացքը:

Իրանը սահմանակից է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Միևնույն ժամանակ, Թեհրանը աշխատանքային հարաբերություններ է պահպանում Անդրկովկասի բոլոր պետությունների հետ:Բաքվի հետ իրանցիները երկար տարիներ իրականացնում են «Հյուսիս-հարավ» նախագիծը, որը նախատեսում է երկաթուղիների կառուցում, որոնք կկապեն Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը: Մինչդեռ Երևանի հետ կա ակտիվ առևտուր, Իրանում մեծ հայկական սփյուռք կա:

Իրանցիները Հայաստանի հետ փոխգործակցությունը համարում են Ադրբեջանի և Թուրքիայի աճող բարեկամության հակակշիռ: Թեհրանի և Անկարայի միջև Մերձավոր Արևելքում իշխանության համար կա չհայտարարված մրցակցություն: Իննսունականների սկզբին երկրները մրցում էին նաև Հարավային Կովկասում ազդեցության համար: Սկսված սահմանազատումը Իրանին ստիպել է զգուշանալ:

«Հայ-ադրբեջանական սահմանի հարավային հատվածը մոտ է Իրանին: Եթե իրանա-հայկական սահմանը փակվի, տնտեսությունը կտուժի: Եթե սահմանազատումը ձախողվի, դա կարող է արգելափակել Թեհրանի մուտքը Հայաստան: Ուղղակի սպառնալիք կա տնտեսական շահերին: Անհրաժեշտ է բանակցություններ վարել Բաքվի հետ, բայց դա տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի ուժեղացման ճանաչում է: Իրանը դա չի ուզում: Այստեղից էլ գալիս են Հայաստանին սատարող հայտարարությունները», — բացատրել է փորձագետ Նուրլան Գասիմովը:

Հայ քաղաքագետ Արշալույս Մղդեսյանը համաձայն է, որ Զանգեզուրի միջանցքը չի բխում Իրանի շահերից: Բայց նա բերում է այլ փաստարկներ. «Ադրբեջանը կապված է Նախիջևանի հետ Իրանի տարածքով: Թեհրանը չի ցանկանում կորցնել տարանցիկ երկրի կարգավիճակը: Բացի այդ, նրանք վախենում են, որ Բաքուն և Անկարան կուժեղացնեն իրենց դիրքերը Սյունիքի մարզում: Իսկ Սյունիքը ելք է դեպի Վրաստան, ապա Եվրոպա»:

Մղդեսյանը կարծում է, որ Իրանը կաջակցի Հայաստանի` բոլոր տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու պահանջին, այլ ոչ թե միայն Սյունիքի մարզով: «Զանգեզուրի այսպես կոչված միջանցքն անշահավետ է Երևանի համար: Ընդհակառակը, դա կարող է էլ ավելի մեկուսացնել երկիրը: Փաստն այն է, որ Հայաստանի երկաթուղիները չեն հասնում Սյունիք: Սա նշանակում է, որ մենք չենք կարողանա այն օգտագործել», — ասել է քաղաքագետը: