Արդեն չորս օր է՝ ինչ ՀՀ արտաքին գործերի նախարարի բոլոր տեղակալները հրաժարականների դիմումներ են ներկայացրել, սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ չի ստորագրել նրանց հրաժարականների դիմումները:

Ավելին, ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում տարբեր մարդկանց, փոխնախարարների ընտանիքի անդամներին է ուղարկում նրանց մոտ, որպեսզի խնդրեն եւ համոզեն, որ գոնե մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, տեղակալները հետ վերցնեն իրենց հրաժարականի դիմումները: Սակայն նախարարի տեղակալները վճռական են տրամադրված եւ չեն ցանկանում հետ վերցնել իրենց հրաժարականների դիմումները, քանի որ չեն ցանկանում որեւէ գործընթացի մասնակցել, որը դեմ կլինի պետական շահին:

Հիշեցնենք՝ հրաժարականի պատճառների իր խոսքում նախկին նախարար Արա Այվազյանը հայտարարել էր. «Հրաժարական եմ տվել, որպեսզի որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ-ն կարող է համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, որոնք մեր պետականության, ազգային և պետական շահի դեմ են եղել»:

Եվ ստացվում է՝ այժմ երկրի արտաքին գերատեսչությունը կոլապսի մեջ է, չունի ոչ նախարար, ոչ պաշտոնակատար, ոչ էլ նախարարի տեղակալներ։ Եվ չնայած Արմեն Սարգսյանը չի ստորագրել դիմումները, այնուամենայնիվ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԳ նախարարկ տեղակալներից ոչ ոք այս ընթացքում աշխատանքի չի գնում եւ շատ վճռական են տրամադրված: Չեն մասնակցելու որևէ դավադրության՝ հասարակության թիկունքում։