Այսօր լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Անուշ Դաշտենցի միջև արձանագրված միջադեպին՝ նշելով՝ անընդունելի է այն արդարացումը, որ պատգամավորը ասում է՝ տեսագրությունը արվել է ոչ աշխատանքային ժամին:

Նշենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը փողոցում հափշտակել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել՝ փորձելով ջնջել լրագրողի կողմից արված տեսագրությունը: Ավելի ուշ հեռախոսը վերադարձվել է լրագրողին:

«Բացարձակ անընդունելի արդարացումներ են, ի՞նչ է նշանակում՝ ժամը 7-ից հետո ինքը պաշտոնյա չէ, պաշտոնյան միշտ է պաշտոնյա՝ անկախ աշխատանքային ժամից: Պատկերացնում եք, որ ժամը 7-ից հետո Մարդու իրավունքների պաշտպանը կուսակցությունները պաշտպանող հայտարարություններ է անում և ասում՝ նորմալ է, ես շաբաթ օրն էի դա արել ու հո կաբինետում չեմ եղել: Այստեղ կարևոր է, որ այդ դեպքի հետ կապված, որքան ես ուսումնասիրել եմ, կան որոշակի իրավախախտման հատկանիշներ »,- ասաց Արման Թաթոյանը:

Նա նաև հորդորեց լրագրողին դիմել ՄԻՊ-ի գրասենյակ, որպեսզի նրանք համապատասխան գործընթացներ կսկսեն:

«Սա միջազգային սկզբունք է, որ եթե պաշտոնատար անձը, առավել ևս հանրային ճանաչում ունեցող պաշտոնատար անձը հայտնվում է հանրային վայրում, միշտ պետք է ունենա այն ակնկալիքը, որ իրեն ցանկացած պահի կարող է մոտենալ լրագրող և կարող է հարցեր տալսա»,- ասաց Արման Թաթոյանը: