«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ԱԺ փոխխոսնակ, ՔՊ վարչության նախկին անդամ Լենա Նազարյանը երեկ խորհրդարանում իրեն պահեց իր կողմից քննադատված ագրեսիվ պատգամավորների նման։ Նույնիսկ Շմայսը, երբ դահլիճում հայհոյում էր իշխանության ընդդիմախոսներին, հետո ներողություն էր խնդրում։ Լենա Նազարյանը երեկ փորձեց նմանվել Շմայսին, բայց գերազանցեց իր ցինիկ պահվածքով։

Նա վիրավորեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին այն ժամանակ, երբ պատգամավորը քննադատում էր հերոս տղաների դիակների մասունքները պարկերով գետնին լցնելու երեւույթը։ Փոխանակ ներողություն խնդրեր՝ որպես իշխանության ներկայացուցիչ, որ հերոսների աճյունները ճանճերի բաժին են սարքել իր իշխանության անգործության հետեւանքով, որդնել են մասունքները, պատգամավորին վիրավորեց՝ այդ մասին խոսելու համար։

Սա, իհարկե, ոչ թե վիրավորանք էր՝ ուղղված պատգամավոր Թովմասյանին, այլ ողջ հայ ժողովրդին, որի արժանապատվությունը տոպրակների մեջ գետնին լցված է դիահերձարանում։
Երեկ հասարակական, քաղաքական շրջանակները մինչ ուշ գիշեր վիրավորանքներով էին հակադարձում Նազարյանին՝ նրանից բարեկրթության տարրական նորմերի պաշտպանություն ակնկալելով։ Իշխող ուժը լռում էր, ոչ ոք երեկվա դրությամբ չի արդարացրել Լենա Նազարյանի ամբարտավան վարքագիծը եւ ներողություն չի խնդրել զոհվածների ծնողներից։ Մնում է՝ նա ներողություն խնդրի պատգամավորից ու ՀՀ քաղաքացիներից՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը շրիշակից ցածր մակարդակի իջեցնելու համար։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։