Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով կա փոխըմբռնում՝ սահմանային իրավիճակի լուծման հարցով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի՝ Մոսկվա այցին ու բանակցություններին՝ Թորոսյանը վստահեցրեց. «Բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են: Մոսկովյան բանակցությունները բավական բովանդակալից են եղել և հստակ շեշտադրումներ են արվել: Եվ դրանք շարունակվելու են, որպեսզի հասնենք այն հանգուցալուծմանը, որի մասին բազմիցս խոսել ենք. ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը, և դա տեղի է ունենալու՝ մեր ռազմավարական գործընկերոջ և գործընկերների հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև մեր Զինված ուժերի աշխատանքի արդյունքում»,-ասաց Թորոսյանը:

Նա վստահեցրեց, որ ներքաղաքական պրոցեսները որևէ կերպ չեն անդրադառնում պետական գերատեսչությունների աշխատանքի ինտենսիվության վրա:

«Մեր անվտանգային համակարգում միակ գործընկերոջ հետ ամենաբարձր մակարդակով կա փոխըմբռնում՝ լուծման վերաբերյալ, թե ինչպիսի լուծում պետք է լինի: Նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա առանց որևէ կրակոցի: Լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, ոչ ոքի պետք չէ տարածաշրջանում, հատկապես Հայաստանին»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ոչ բոլոր մանրամասներն են, որ անհրաժեշտ է միանգամից հանրայնացնել, դա կարվի ազգային շահերից ելնելով:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ նա վստահեցրեց, որ Զանգեզուրի կամ որևէ այլ «միջանցքի» մասին երբևէ որևէ մակարդակով ՀՀ պաշտոնյաները քննարկումներ չեն արել և չեն անելու, դա որևէ փաստաթղթով նշված չէ ու չի նշվելու: