ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը հարաբերությունների կարգավորման ուղիներ է պետք գտնել, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն:

Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցությունները նախատեսված են հունիսի 16-ին Ժնեւում:

«Քննարկելու ենք երկկողմ հարաբերությունների հարցեր և փորձելու ենք գտնել դրանց կարգավորման ուղիներ: Այսօր այդ հարաբերությունները ծայրաստիճան ցածր մակարդակի վրա են: Բոլորս դա լավ գիտենք», — ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային ֆորումում:

«Հուսով եմ, որ մենք կխոսենք ռազմավարական կայունության, ամենաթեժ կետերում միջազգային հակամարտությունների կարգավորման, զինաթափման գործընթացների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաեւ համավարակի դեմ պայքարի, բնապահպանական բնույթի խնդիրների մասին: Սա մոտավոր օրակարգն է», — ասել է Պուտինը:

2021 թվականին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը անցկացվում է հունիսի 2-5-ը: