Օղակաձև զբոսայգու առաջին գոտու ամենամեծ տարածքը 2017 թվականից մինչեւ 2042 թվականի տարեվերջ հատկացվել է «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ին՝ որպես սրճարան, տաղավար, բարեկարգման և կանաչապատման տարածք։

Ըստ «Նուշիկյան ասոցիացիա»-ի և քաղաքապետարանի միջև կնքված հողամասի վարձակալության մասին պայմանագրի` ընկերությանը վարձակալությամբ է տրվել ընդհանուր առմամբ 3720,12 քմ տարածք, որից 503,7 քմ-ը՝ սրճարանի, 90,5 քմ-ը՝ տաղավարի, իսկ 3125,92 քմ-ը՝ բարեկարգման և կանաչապատման նպատակով։ Ընդհանուր առմամբ՝ 3720,12 քմ-ի համար «Նուշիկյան ասոցիացիան» տարեկան վճարում է ավելի քան  8 միլիոն  դրամ։

Նուշիկյանների «խնամքի ն » հանձնված  բոլորիս հայտնի Պոպլովոկ այգին (օղակաձեւ այգին) Առագաստ սրճարանի ճիշտ դիմաց ընկած ավազանով, այսօր անմխիթար վիճակում է,  ավազանը ցամաքած է, աղբով լեցուն: Ի՞նչքանով են Նուշիկյանները բարեխղճորեն կատարում ստանձնած պարտականությունները,  այս եւ մեր այլ հարցերին «Նուշիկյան ասոցիացիա»-ի տնօրեն Գագիկ Նուշիկյանը խոստացել է պատասխանել ավելի ուշ: Ցամաքած ավազանով ու այգու այլ խնդիրներով վարձակալից հետաքրքրվել են նաեւ Երեւանի քաղաքապետարանում, վերջինիս Նուշիկյանները հայտնել են, որ վերջին շաբաթներին  ավազանը լցնելու համար պոմպի խնդիր է առաջացել, այսինքն ՝ վարձակալը ջուրը ստանում է պոմպի միոջոցով, իսկ պոմպը խափանվել է: Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ քաղաքային իշխանությունը հորդորել եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել  խնդիրը լուծելու հարցում, ինչին ի պատասխան՝ վարձակալը հավաստիացրել է, որ մոտ օրերին այդ հարցը կլուծվի:

Նորմա՞լ է, երբ տասնյակ տարիներով տարածքը վարձակալած ընկերությունը օրինակ մի պոմպի խնդիրը լուծում է շաբաթներով, ամիսներով, մեր այս հարցին քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսպես արձագանքեց.

«Նորմալ չէ, երբ օղակաձեւ այգին եւ տասնյակ այգիներ տասնյակ տարիների վարձակալության իրավունքով տրվել են մասնավոր կազմակերպությունների, իսկ տեղ -տեղ նաեւ սեփականության իրավունքով են տրվել, ըստ էության վերահսկողությունից  դուրս է եկել »:

Irakanum.am