Համացանցում արդեն մի քանի օր է՝ ծաղրուծանակի է ենթարկվում Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, իր՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ ունեցած ելույթի համար: Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, այս իշխանության օրոք վարչապետի մակարդակով էլ հնչած ռուսերենով ելույթների համար ՀՀ քաղաքացիները ամաչում են, որովհետեւ կարեւոր պաշտոնական հանդիպումներում Հայաստանը ներկայացնող պաշտոնյաները կամ սխալ բառ են ընտրում, կամ սխալ են արտասանում բառը:

«Վերցնել ելույթի հենց ամենաառաջին բառն ու դարձնել ծաղրուծանակի թեմա, երբ շատ ավելի կարեւոր բաներ կային ելույթի մեջ, ճիշտ չէ: Դա բնապահպանական կոնգրես էր, որի ժամանակ ավելի շատ պետք է խոսվեր բնապահպանական թեմաներից, բայց նախարարի պաշտոնակատարն առիթն օգտագործեց եւ եւս մեկ անգամ բարձրաձայնեց Հայաստանի համար այս պահին ամենակարեւոր թեման՝ արցախյան 44 օրյա պատերազմը, դրա հետեւանքները եւ խոսեց պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի մասին, մասնավորապես՝ անդրադարձավ Սեւ լճի թեմային:

Կարծում եմ՝ ավելի գեղեցիկ կլիներ, որ անդրադառնային բուն բովանդակությանը, այլ ոչ թե ընդմաենը մեկ բառ վերցնեին ելույթից ու դարձնեին քննարկման թեմա»,- ասաց Շրջակա միջավայրի նախարարության մամլո խոսնակ Անի Հակոբյանը:

Ըստ նրա՝ նախարարի պաշտոնակատարը ռուսերենի իմացության ցածր մակարդակ չունի , պարզապես հնարավոր է, մեկ բառ ասել է ակցենտով, ինչը, ըստ խոսնակի բնական է, քանի որ Ռոմանոս Պետրոսյանի մայրենի լեզուն հայերենն է:

Irakanum.am