Ադրբեջանի զինվորականներն արդեն 24 օր է՝ ՀՀ ինքնիշխան տարածքում են։ Մայիսի 12-ից հակառակորդը ներխուժել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր, օրեր անց ավելի առաջ եկել։ Հիմա արդեն խրամատավորվում է, ենթակառուցվածքներ ստեղծում, հերթափոխ իրականացնում։

NEWS.am-ին Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը պատմեց, որ հակառակորդի զինվորականները նույն տեղում են, նրանց հետ գնալու վերաբերյալ տվյալներ չունի.

«Նույն տեղում կանգնած են, որտեղ որ եղել են, գյուղում հանգիստ վիճակ է։  Առայժմ որեւէ միջադեպ չի գրանցվել։  Մեր խոտհարքներն են նաեւ իրենց ձեռքում։ Արդեն մի ամիս է այստեղ են, եթե գնալու լինեին, արդեն գնացած կլինեին»,- նշեց գյուղապետը։

Անդրադառնալով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն առաջարկին, որ Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայվեն միջազգային դիտորդներ, իսկ 2 կողմերի ԶՈՒ ստորաբաժանումները հետ քաշվեն զբաղեցրած դիրքերից, գյուղապետն արձագանքեց. «Եթե այդ հատվածը դառնա անվտանգության գոտի, բա մեր գյուղն ի՞նչ դառնա, կդառնա անվտանգության գոտի։ Սեւ լիճն էլ տանք իրենց, հա՞։ Գորիսի ջուրն այնտեղից է գալիս, գյուղերի խմելու ջուրը Սեւ լճից է գալիս, հիմա զրկվել ենք։ Ոռոգման ջուր էլ չի է, մաքուր ջուր է»։

NEWS.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը նույնպես նշեց, որ հակառակորդը հետ չի գնացել, նույն տեղում է.

«Եկել ու մնացել են, որեւէ այլ բան չկա։ Միջադեպերեր տեղի չեն ունեցել։ Ոչ առաջ են գալիս, ոչ էլ հետ են գնում»։

Անդրադառնալով հակառակորդի գործողություններին՝ համայնքապետն ասաց. գյուղից չի երեւում, թե հակառակորդն այնտեղ ինչ աշխատանք է իրականացնում.

«Իրենց մոտ իրականացվող աշխատանքները մենք չենք տեսնում, ինչ-որ հողակույտեր են երեւում, երեւի խրամատ են, բայց դա նոր չի։ Տեսնում ենք, որ ընթացքում հերթափոխ են իրականացնում, «Ուրալ» է երեւում, որը զինվորներին տանում-բերում է»։

Անդրադառնալով արոտավայրերի խնդրին՝ Չիտչյանը ասաց, որ գյուղին պատկանող արոտավայրերն էլ են հակառակորդի վերահսկողության տակ. «Անասուններն արոտի չեն գնում, եթե գնան էլ, ապա միայն մոտ տեղերում»։

Մինչեւ այդ Վերին Շորժայի համայնքապետը NEWS.am-ին ասել էր, որ ադրբեջանցիներն ինժեներական աշխատանք են իրականացնում, տեխնիկա են աշխատեցնում, որպեսզի դիրքից դիրք կարողանան անարգել անցնել։