Խախտվել է զինվորական ծառայության միանձնյա և կենտրոնացված ղեկավարման սկզբունքը, ինչպես նաև՝ սպառնալիքի տակ է երկրի անվտանգությունը, անվտանգության համակարգի անխափան գործունեությունը։ Ստեղծվել է իրավիճակ, երբ ունենք դատարանի որոշում, համաձայն որի՝ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել, մինչդեռ՝ ԳՇ պետ է նշանակվել Արտակ Դավթյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ թեև ՀՔԾ-ն նշել է, որ ամեն ինչ իրավաչափ է և խնդիր չկա, Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դատարանում նշում է, որ առաջացել է իրավական անորոշություն։

«Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի կողմից ևս դեպքն արձանագրվել է, նկարագրությունը տրվում է, ուղղակի մենք նշում ենք, որ դա հանցագործություն է, իրենց կարծիքը դեռ չգիտենք»,- նշեց Մարտիրոսյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ ներկայացված բողոքի գործով առաջին դատական նիստը։ Դատական նիստը մեկնարկից կարճ ժամանակ անց հետաձգվեց՝ դատարանի ծանրաբեռնված լինելու հանգամանքով պայմանավորված և նշանակվեց հուլիսի 16-ին։ Ընդ որում՝ հուլիսի 16-ին կայանալիք դատական նիստին ներկայանալու համար որպես շահագրգիռ կողմ կծանուցվեն նաև ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հնարավոր ազդեցությանը, փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ հաշվարկներ չի անում՝ ընտրություններն ազդեցություն կունենան, թե ոչ, ինքը մտածում է՝ իրավական առումով հիմնավոր գործընթաց են նախաձեռնել, թե ոչ և եթե հիմնավոր գործընթաց են նախաձեռնել, ի վերջո, հաջողության հասնելու են, չհասան՝ ՀՔԾ-ում, դատախազությունում, կհասնեն դատարանում։

«Կարծում եմ՝ հիմնավոր բողոք ենք ներկայացրել։ Այդ առումով ընտրական գործընթացի հետ չեմ ցանկանում կապել որևէ ձևով՝ անկախ նրանից ընտրություններ կլինին, թե ոչ և ինչ ելքով կավարտվեն»,- նշեց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դա ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Ընդ որում՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, մինչդեռ՝ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում։

Այս հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի և ՊՆ նախարարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ ՀՔԾ-ն նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։ ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել դատախազություն, որը մերժվել է։