Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ պատահական չէ, որ Ադրբեջանը ՀՀ տարածք ներխուժելուց հետո հիմնականում Գեղարքունիքի մարզում է սադրանքների դիմում, միջադեպերի առիթ տալիս։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ դրա համար նա մի շարք պատճառներ ունի։

«Առաջին և ամենակարևոր պատճառի մասին շատ դիպուկ է խոսել մեր լավագույն իրանագետներից Վարդան Ոսկանյանը, ըստ որի, այս կերպ ադրբեջանական կողմը փորձում է դժվարացնել Քարվաճառի ազատագրումը։ Սա ընդունում ենք ի գիտություն․ Արցախի օկուպացված տարածքների ազատագրումը, Արցախի տարածքների դեօկուպացիան այսպես թե այնպես լինելու է հաջորդ իշխանության ուշադրության կիզակետում, և որևէ պատասխանատու իշխանություն չի կարող բացառել նաև այս հարցի լուծման ուժային սցենարը»,- ասաց նա։

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ մենք մեր հանրության մոտ այդ պարզ, հստակ հեռանկարը պետք է ներկայացնենք։ «Առանց Արցախի դեօկուպացիայի՝ հնարավոր չի լինի ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Իհարկե, դա առաջին հերթին պետք է անել դիվանագիտական ճանապարհով։ Բայց նաև պետք է հաշվի առնել, որ հնարավոր է նաև ուժային սցենար, բայց բոլորովին այլ կերպ այդ ուժային սցենարը կարող  է զարգանալ, որովհետև ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները բարելավելուց հետո բոլորովին այլ կերպ կարող են հարցերը լուծվել»,- ասաց նա։

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ Գեղարքունիքում թշնամին պարբերաբար սադրանքների է դիմում, որովհետև ջրային կարևոր պաշարներն այս հատվածում են։ «Արցախի Հանրապետության ջրային ռեսուրսները հիմնականում Քարվաճառ, Քաշաթաղ հատվածում են, իսկ Հայաստանի դեպքում՝ Սյունիքի և Վայոց Ձորի այն բարձունքներում, որտեղ տեղակայվում են անդրբեջանական զինված ուժերը։ Ադրբեջանն ունի ջրային պաշարների խնդիր և շատ կարևոր ռազմավարական հեռահարության խնդիր է լուծում, երբ փորձում է ջրային ռեսուրսները վերահսկողության տակ վերցնել։ Հետագայում էլ նրանք կարող են որոշակի ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ հուն փոխել, ավելի ջրառատ դարձնել, օրինակ, Թարթառ գետը, արդյունքում իրենք ունենան ավելի մեծ ծավալով ջուր»,- ասաց նա։

Ադրբեջանի այսպիսի քաղաքականության մյուս պատճառը, ըստ Դավիթ Ջամալյանի, այն է, որ այդ երկիրն ունի ծավալապաշտական նկրտումներ՝ Հայաստանի Հանրապետության տարածքը՝ և՛ Գեղարքունիքը, և՛ Սյունիքը, և՛ Վայոց ձորը համարում է իրենը։ «Դա իրենց պետական ռազմավարության մասն է, և առաջանում են։ Կարևորն այն է, որ նրանք փորձում են հնարավորինս բարդացնել Հայաստանի հաջորդ իշխանության համար երկրի անվտանգության ապահովումը։ Այսինքն՝ ցանկանում են մեզ այնպիսի իրավիճակում դնել, որ մենք անխուսափելիորեն լինենք շատ խոցելի, թույլ և չկարողանանք մեր անվտանգային հարցերը կարգավորել»,- ասաց նա:

Ռազմական փորձագետը նկատեց՝ այդ կերպ Ադրբեջանը փորձելու է նաև հայաթափել գյուղերը։ «Եթե գյուղացին չի կարողանում իր անասունը տանել արոտավայրեր, անընդհատ խնդիրների է բախվում, լքելու է իր բնակավայրը։ Ադրբեջանն անընդհատ խնդիր է ստեղծում, զուգահեռաբար այս թրքացած մանկուրտների իշխանության հետ փորձում է սահման բացելու խնդիր լուծել, արտաքուստ իբև թե օգտակար գաղափարի տակ նաև Հայաստանի թրքացման հարցը լուծել․ եթե սահմանները բացվելու են, եթե ամբողջ ադրբեջանական, թուրքական կապիտալը ներթափանցի այստեղ, ենթակառուվածքներում ներդրումներ անեն, աստիճանաբար տնտեսական էքսպանսիայի միջոցով դեմոգրաֆիական խնդիր կլուծեն, երկիրը կդարձնեն վերահսկելի, և մի որոշ ժամանակ հետո հայ բնակչությունը Հայաստանում փոքրամասնություն կդառնա, արտագաղթը մեծ ծավալներ կընդունի։ Ալիևի հայտարարությունը պետք է շատ սաստող լինի, որ իրենք Երևան տանկերով չեն գա»,- ասաց նա։

Ըստ Ջամալյանի՝ Ադրբեջանը Գեղարքունիքում անընդհատ սադրանքների դիմելու մեկ այլ պատճառ էլ ունի. մինչև վերջերս այստեղ չկային ռուս խաղաղապահ ուժեր, ինչպես Սյունիքում են, որտեղ ադրբեջանցիները Ռուսաստանի հետ անմիջական բախման մեջ մտնելու համար ո՛չ ռեսուրս ունեն, ո՛չ էլ ցանկություն։ «Նրանք կրակի հետ են խաղում, բայց իրենց սահմանները ճանաչում են, չեն ցանկանում ռուսական կողմի հետ բախման մեջ մտնել, այնտեղ կանգնել են,- ասաց նա՝  նկատելով, որ հիմա կան լուրեր, որ Գեղարքունիքում ևս ռուս խաղաղապահների ներկայություն պետք է ապահովվի,- մինչ այդ ադրբեջանցիները համարձակվում են նման քայլերի գնալ։ Իհարկե, նրանց լկտիացրել է նաև Նիկոլը, որովհետև թուրքի բոլոր հնարավոր կապրիզները բավարարվում են․ թուրքը զգացել է մեր խոցելի վիճակը։ Եթե անգամ կրակ բացելու հրաման չի տրված․ թուրքը լկտիանալու է, և նորից միակ հույսը մնում է ռուսական ներկայությունը, բայց քանի դեռ ռուսական ներկայությունը լիարժեք չէ, իրենք փորձելու են և՛ առաջանալ, և՛ հիմնավորվել, որտեղ որ տեղակայվել են»,- ասաց նա։

Դավիթ Ջամալյանն անդրադարձավ նաև ադրբեջանական զինված ուժերի ՀՀ տարածքներում տեղակայումից հետո ստեղծված ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ միջազգային դիտորդներ տեղակայել վիճելի հատվածներում։ Ըստ նրա՝ հարցն ունի երկու կողմ։

«Թրքացածների այս ոհմակը, բոլուկը լուծում է երկու կարևոր խնդիր Ադրբեջանի համար։ Առաջին․ երբ Սոթքից մինչև Խոզնավար նա միջազգային դիտորդներ է փորձում տեղակայել՝ այս խնդիրը խաղաղ կարգավորելու անվան տակ, ապա խոսում է պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, այս կերպ նա ընդունում է, որ Արցախի Հանրապետության մի մասի՝ Շահումյանի և Քաշաթաղի շրջանների օկուպացիան լեգիտիմ է։ Նա լեգիտիմացում է Ադրբեջանի ագրեսիան և այդ արգրեսիայի արդյունք հանդիսացող տարածքների օկուպցիան, նա ընդունում է Ադրբեջանի իրավազորությունը Արցախի օկուպացված տարածքների հանդեպ, որովհետև Խոզնավարից մինչև Սոթք՝ այդ պայմանական նախկին Խորհրդային վարչական սահմանից այն կողմ ոչ թե Ադրբեջան է, այլ Արցախի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջաններն են։ Նա սկուտեղի վրա է մատուցել այս տարածքները Ադրբեջանին, հիմա գործը պետք է ավարտին հասցնի՝ իրավական դաշտում փորձելով հարցը կարգավորել»,- ասաց նա։

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ միջազգային դիտորդների առաջարկը անելով՝ Նիկոլ Փաշինյանը լուծում է իր համար երկրորդ խնդիրը՝ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում թուլացնում է։

«Այսպես փորձ է արվում թուլացնել Ռուսաստանի ներկայությունը մեր երկրում։ Իհարկե, իր առաջարկությունում Ռուսաստանի անունն է տալիս, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին էլ է առաջարկում։ Հստակը է, որ խոսքը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասին է, այսինքն՝ ՆԱՏՕ-ի ներկայության մասին է, իսկ դա հակառուսական քայլ է։ Սա այն դեպքում է արվում, որ ռուսական կողմը իր պարտավորություններում չի թերացել, և չի թերացել, որովհետև հասկացել է, որ «Նիկոլ Փաշինյան» անունով աղետը ժամանակավոր մի բան է, իսկ Հայաստանը, որպես դաշնակից, որպես երկիր ավելի կայուն, տևական է։ Հայաստանի և Նիկոլի շահերը բոլորովին տարբեր են։ Ռուսաստանը, պաշտպանելով մեզ, պաշտպանում է նաև իրեն։ Ռուսները հասկանում են, որ Նիկոլը գավառական խորամանկությամբ հակառուսական գիծ է տանում, սակայն նրանք նաև տարանջատում են Հայաստանի և Նիկոլի շահերը»,- ասաց նա։