Կարմիրգյուղի բնակիչներին դոմինոյով երկար ու համառ պայքարից հետո հաղթելու մասին վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրառումը համացանցում դարձել է ծաղրուծանակի թեմա:

Ինչպես ավելի վաղ նրա մտքի սխալ ձեւակերպումը, թե մեր անդունդն ուզում են խանգարեն, մեր երկիրն ուզում են կործանեն:

Irakanum.am-ը փորձեց Արզաքանցյանից պարզել՝ դոմինոյով գյուղացիներին հաղթելուց ու անդունդի մասին հայտարարությունից հետո իր վարկանիշն ինչքան է բարձրացել:

«Տիգրան Արզաքանցյանի անձը թիրախավորել են , շատ բան ներկայացնում են այլ տեսանկյունից, եթե մարդը գնում է հանդիպման, ցանկացած քննարկում դառնում է քննարկման առարկա, եթե մարդը լեզվական , ինչ որ բան խոսքի մեջ ճիշտ ձեւակերպում չի արել, դարձել է Հայաստանում ամենամեծ խնդիրը, թողած մեր այդքան խնդիրները՝ սպասում են, որ այդ մարդն ինչ-որ բան ասի, որ դարձնեն համայն հայության քննարկման առարկա: Այսօր մենք համազգային շատ ավելի մեծ խնդիրների առջեւ ենք կանգնած »,- մեզ փոխանցեցին Արզաքանցյանի մամուլի գրասենյակից:
Ուժը մարդն է ազդարարող Տիգրան Արզաքանցյանի լուսանկարները շարունակում են Հայաստանի գրեթե ողջ տարածքով աչք ծակել, ինչը նույնպես քննադատությունից զերծ չմնաց:

Տիգրան Արզաքանցյանի դեպքում արդյոք չպետք է պաստառների վրա գրվեր՝ «ուժը կինն է», եթե հաշվի առնենք, որ Արզաքանցյանի քաղաքական ծրագրերի հետևում կանգնած է և հովանավորում է հենց նրա կինը՝ Նատալիա Ռոտենբերգը: Եվ, ի վերջո, ՌԴ նախագահ Պուտինի ընկերոջ նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, Հայաստանում պատմություն կկերտի՞, թե՝ ոչ: Այս հարցերին Տիգրան Արզաքանցյանի մամուլի գրասենյակից այսպես արձագանքեցին. «Նա դենմոկրատական կուսակցության ցուցակում չկա, բայց իր ամուսինն է կուսակցության վարչապետի թեկնածուն, բնականաբար, ինքն էլ ամուսնու կողքին է, աջակցում է: Տիկին Ռոտենբերգը կատարում է հսկայածավալ աշխատանքՀայաստանում, իսկ այն մարդիկ, որ ասում են՝ ինքն է կանգնած ու ֆինանսավորում, այդ մարդկանց հարցրեք, չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ»:

Irakanum.am