Ռուսաստանը պատժամիջոցներ չի սահմանում այլ երկրների նկատմամբ, պարզապես պատասխանում է դրանց, բայց այնպես, որ «իր իսկ ոտքին չկրակի», Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ria.ru-ն։

Ընդ որում, լրագրողի հարցին, թե հունիսի 16-ին Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կայանալիք հանդիպումից հետո ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների հնարավորություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, Պուտինը պատասխանել է․ «Այդ հարցը պետք է Բայդենին տաք, ես չգիտեմ»։

«Մենք ոչ մի պատժամիջոց չենք սահմանում, մենք արձագանքում ենք այն ժամանակ, երբ հարկ ենք համարում, որպեսզի չվնասենք ինքներս մեզ, չկրակենք մեր ոտքին։ Ինչո՞ւ են ամերիկացի գործընկերներն անում այն, ինչ անում են՝ մինչ օրս առեղծված է մնում»,- նկատել է Պուտինը։

Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը տեղի է ունենում հունիսի 2-5-ը՝ առկա ձևաչափով: