ԱՄՆ հետախուզական ծառայությունները չեն գտել ապացույցներ առ այն, որ չճանաչված թռչող օբյեկտները (ՉԹՕ), որոնք նախկինում նկատել էին ԱՄՆ զինված ուժերը, այլմոլորակային ծագում ունեն: Այս մասին գրում է The New York Times-ը՝ նշելով՝ փորձագետների վստահեցմամբ՝ որոշ դեպքերում դրանք կարող են պատկանել Ռուսաստանին կամ Չինաստանին:

Պարբերականի աղբյուրները, հղում կատարելով ամերիկյան հետախուզության զեկույցին, նշում են՝ ԱՄՆ հետախուզական գործակալությունները «ոչ մի ապացույց չեն գտել այն մասին, որ վերջին տարիներին ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչուների նկատած օդային երևույթներն այլմոլորակային ծագում ունեցող տիեզերանավեր են»: Այնուամենայնիվ, ամերիկյան հետախուզական հանրությունը հիմնականում անկարող է բացատրել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Հրապարակման համաձայն՝ «զեկույցը ցույց է տալիս, որ վերջին երկու տասնամյակում տեղի ունեցած 120 միջադեպի ճնշող մեծամասնությունը կապված չէ ռազմական կառավարման կամ ԱՄՆ կառավարության որևէ այլ տեխնոլոգիական զարգացման հետ»:

«Այս եզրակացությունը, ըստ ամենայնի, պետք է բացառի այն հավանականությունը, որ ռազմածովային ուժերի օդաչուները, որոնք հաղորդել են չճանաչված թռչող օբյեկտների մասին, կարող էին բախվել ծրագրերի, որոնք իշխանությունները ցանկանում էին գաղտնի պահել», — նշում է թերթը և հավելում՝ զեկույցում ուսումնասիրվում է նաև վերջին 2 տասնամյակների ընթացքում օտարերկրյա ռազմական անձնակազմի հետ կապված միջադեպերը:

«Հետախուզության պաշտոնյաներն այն կարծիքին են, որ որոշ օդային երևույթներ կարող էին լինել մրցակից երկրների, ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի կամ Չինաստանի փորձարարական տեխնոլոգիական նմուշները»,- նկատում է NY Times-ը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքի եթերում հաստատել էր, որ ամերիկյան իշխանություններն իրենց տրամադրության տակ ունեն օդային երևույթների լուսանկարներ, և որ այդ երևույթների բնույթը պարզաբանված չէ:

2017-ի վերջին հայտնի էր դարձել, որ Պենտագոնն ավելի վաղ գործարկել է «անոմալ օդատիեզերական սպառնալիքների» առնչությամբ տվյալների հավաքագրման և վերլուծության դասակարգված ծրագիր:

2007-2012 թվականներին հենց այդ նպատակով գերատեսչությանը հատկացվել էր 22 միլիոն դոլար: Նախնական փուլում ծրագրի պատասխանատուն ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության վարչությունն էր:

Ծրագրի գոյության մասին տեղեկատվությունը մամուլում հայտնվելուց հետո ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հրապարակել էր մի շարք տեսանյութեր, որոնցում երևում էր ամերիկացի ռազմական օդաչուների «շփումը» կասկածելի ՉԹՕ-ների հետ: