ԱԺ նախագահի հետ գերեվարված զինծառայողների հարազատների այսօրվա հանդիպումը անարդյունավետ է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Խծաբերդից գերեվարված զինծառայողներից մեկի հարազատը՝ ներկայացնելով թե ի՞նչ հարցեր են բարձրաձայնել փակ հանդիպմանը։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել է գերիների հետ կապված հարցերը, սակայն հասկացել են, որ կառավարությունից գերեվարվածների վերադարձի հետ կապված ոչ մի նորություն չունեն։  Պաշտոնյաները միայն նշել են, բանակցությունները շարունակվում են՝ առանց ընթացքի մասին մանրամասնելու՝ անվտանգությունից ելնելով, բայց պատասխանները չեն գոհացրել։ Հարազատները պատրաստ են ցանկացած քայլի, որ տղաները շուտ վերադառնան։

«ԱԺ նախագահի հետ խոսել ենք վերջնական, ասել ենք, որ գնալու ենք ամեն քայլի, որպեսզի իրենք իրենց տեղերից շարժվեն, գնան ավելի կոնկրետ ու հստակ բանակցեն, որ օր առաջ մեր տղաներին հետ վերադարձնեն»,- հայտնեց գերեվարված զինծառայողի հարազատը։

Պահանջը մեկն է՝ անհապաղ ու առանց նախապայմանի հետ վերադարձնել տղաներին։ Նրանք պնդում են, որ հստակ ուզում են, որ ՀՀ-ն բանակցությունների գնա՝ տղաներին հետ վերադարձնելու համար։

Դիտարկմանը, թե որքա՞ն են պատրաստ համբերել, քանի որ յոթ ամիս է անցել, գերեվարվածի հարազատն ասաց, որ այլևս ուժ չունեն համբերելու, մանավանդ, երբ Բաքվում դատում են 14 հայ ռազմագերիներին։

«Այս պահի դրությամբ հարազատները հերթով սկսում են մեռնել։ Չեն համբերում ընդհանրապես։ Ստացված տեղեկությունից հետո բոլորը լարված են, քանի որ Ադրբեջանը  հրապարակեց, որ 14 տղաները դատապարտվել են՝ քրեական հոդվածներ կան, ծնողների մտահոգությունը դա է, որպեսզի տղաներին չպահեն այնտեղ»։

Հարազատները մշտական կապի մեջ են Շիրակի մարզի պատգամավորների և ԱԱԾ տնօրենի հետ։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Բաքվում պահվող հայ զինվորի մասին տեղեկություն են ստանում միայն ԿԽՄԿ-ի միջոցով՝ տեսաուղերձով ու նամակով,  մի քանի օր առաջ էլ ինքը նաեւ հեռախոսազրույց է ունեցել։