Քրեական էլեմենտներն ուղղակի գլուխ չեն բարձրացնում, նրանք էլ են օգտվում իրենց հարմար պահից ու գլուխ են բարձրացնում, երբ հարմար է։ Մարդիկ զբաղված են ամեն ինչով՝ բացի հիմնական գործից, ինչը պետք է արվի՝ բոլոր ոլորտներում, դրա համար էլ նման բարձիթողի վիճակ է, այդպես էլ պետք է լիներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի քրեածին վիճակին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ վերջին շրջանում Հայաստանում մեկը մյուսին են հաջորդում ոչ միայն կառավարման համակարգում առկա բարձիթողի վիճակի բացահայտումները, այլ նաեւ աղմկոտ սպանությունները։ Վերջինն արձանագրվեց հունիսի 2-ին Երեւանի սրտում՝ զբոսաշրջիկների համար սիրելի վայրեր հանդիսացող Աբովյան փողոցում՝ Մոսկվա կինոթատրոնի հարեւանությամբ՝ առավոտյան. Հրազենի գործադրմամբ փորձել են սպանել քրեական հեղինակություն համարվող Քյավառցի Ռաֆոյին՝ Ռաֆայել Մարդոյանը, սակայն սպանվել է նրա թիկնապահ-վարորդը։ Իսկ դրանից երկու օր առաջ սպանվել էր նաեւ քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը։ Ստեղծված իրավիճակը տարբեր հասարակական-քաղաքական գործիչների, փորձագետների դիտարկմամբ հիշեցնում է 1990-ական թվականների բարքերը, իսկ քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը Հայաստանյան այսօրվա իրականությունը համեմատել էր 1970-ական թվականների Սիցիլիայի հետ։

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ պետք չէ ամեն ինչ կապել Ոստիկանության հետ։

«Ոստիկանությունն ուղղակի հայելի է, որն արտացոլում է, թե ինչ է կատարվում հասարակությունում, ինչ բարքեր են տիրում մեր երկրում, մեր քաղաքում։ Ամեն ինչ Ոստիկանության հետ պետք չէ կապել։ Միայն Ոստիկանությունը չէ հանցավորության դեմ պայքարողը։ Ճիշտ է՝ առաջնագծում Ոստիկանությունն է, թիվ մեկ պատասխանատուն Ոստիկանությունն է, բայց տեսեք, թե ինչ է կատարվում այսօր հասարակության մեջ։ Այսօրվա բարքերն ուսումնասիրեք՝ կհասկանաք։ Հանցագործությունը սոցիալական երևույթ է, կապ չունի՝ սպանություն է, թե բնակարանային գողություն է։ Սոցիալական երևույթ է, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ ծնող պատճառները, այսօրվա վիճակը նայեք՝ ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց Ալիկ Սարգսյանը։

Ճշգրտող հարցին՝ նկատի ունի ետպատերազմյան շրջանը և քաղաքական լարված իրավիճակը, Սարգսյանը պատասխանեց՝ նշելով, որ ամեն ինչը՝ գնաճը, ատելության մթնոլորտը, բոլորը հանցագործություն ծնող էլեմենտներ են, հանգամանքներ են, որոնցից խուսափել հնարավոր չէ։

«Պարզ է, Ոստիկանությունը պետք է պայքարի, ամեն ինչ պետք է անի, բայց տեսնում ենք, թե ինչ իրավիճակ է։ Պահանջեք ոչ միայն ոստիկանությունից, այլև՝ հասարակությունից»,- նշեց Սարգսյանը։