ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մասնակցում է հունիսի 2-ից 5-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովին։ Միջոցառմանը մասնակցում է նաև էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

Նախարարությունից  հայտնում են, որ համաժողովի նպատակն է լայնամասշտաբ քննարկումներ անցկացնել համաշխարհային տնտեսության ու առևտրի վերականգնման խնդիրների շուրջ և համատեղ ջանքերով նպաստել այդ խնդիրների լուծմանը։

Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ներկա է  գտնվել համաժողովի հանդիսավոր բացմանը։ Նույն օրը նա նաև մասնակցել է «Զարգացող երկրների վենչուրային տնտեսություն» խորագրով քննարկմանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար, և դրա ակտիվ ներգրավմամբ մենք կկարողանանք խթանել ձեռներեցությունն ու նորարարությունը՝ այդ կերպ նպաստելով մեր երկրի տնտեսության արագընթաց զարգացմանը։

Համաժողովի շրջանակներում Վահան Քերոբյանը կմասնակցի արդի տնտեսական հիմնախնդիրներին նվիրված մի շարք քննարկումների և հանդիպումների։

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովն ունի հագեցած օրակարգ․ ավելի քան 100 քննարկումներ կծավալվեն 4 հիմնական ուղղվածությամբ՝ համաշխարհային տնտեսություն, զարգացման ազգային ուղիներ, սոցիալական օրակարգ և տեխնոլոգիական մարտահրավերներ։

Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովն այս տարի ունի ավելի քան 2000 օտարերկրյա մասնակիցներ։ Համաժողովն անցկացվում է 1997 թվականից։