Հետհեղափոխական Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սննդի ապահովման նոր համակարգի ներդնումից հետո այդ ծառայությունների մատուցման իրավունքն անցավ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կառույցն այդ «շնորհին» արժանացավ Արդարադատության նախարարության միջամտության արդյունքում, թեպետ նույն գործընթացը 35-40 տոկոսով էժան իրականացնելու պատրաստ հաստատություններ կային։ Ինչպես բանակի պարագայում էր, երևի այստեղ էլ ելակետ էր ընտրվել կոնտինգենտին ելակով պահելու հավաստիացումը՝ թուղթ է, վրան ինչ ասես կարող ես գրել։

Համաձայն առկա տեղեկատվության, կալանավորված կամ ազատազրկումը որպես պատիժ կրող մեկ անձի սննդի համար օրական ծախսվում է մոտ 1500 ՀՀ դրամ։ ՀՀ-ում անազատության մեջ գտնվող կալանավորների և դատապարտվածների ընդհանուր թիվը 2000-2100 է։ Վիճակագրությունը հավաստում է, որ քրեակատարողական հիմնարկներում պահվողների շուրջ 20 տոկոսը սնվում է բացառապես հանձնուքներում առկա սննդով, ինչը սակայն չի խոչընդոտում մատակարարող ընկերության հետ կնքված պայմանագրի մեջ կայունորեն պահպանել դատապարտվածների եղած 2000-2100 թիվը։

Պարզ մաթեմատիկական հաշվարկով շուրջ 400 անձի սնունդ փաստացի չմատակարարելու դեպքում միայն օրական 600․000 ՀՀ դրամի վնաս է հասցվում պետությանը՝ այդ գումարները գրպանելու ակնհայտ հնարավորություն տալով համապատասխան թավշյա պաշտոնյաներին։

Սակայն նույն պետական շահի տեսանկյունից դիտարկելին միայն վերը նշվածը չէ։ Խստագույնս քննարկման է արժանի նաև պայմանագիրը կնքած կողմերի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված արարք կատարած լինելու հանգամանքը։ Սույն հոդվածի վերը նշված մասերը պատասխանատվություն են նախատեսում առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու համար։

Նշված պայմաններում, հաշվի առնելով վերջին երեք տարիներին պետական համակարգերում հետևողականորեն խրախուսվող հովանավորչությունն ու ամենաթողությունը, գործնականում անհնար ենք համարում, որ կոռուպցիոն ակնհայտ ռիսկեր պարունակող նմանատիպ գործարքներից անտեղյակ լինեն Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության բարձրագույն ղեկավարությունը։

Թե երեքամյա անգործության այս շքերթի վերջը ե՞րբ պիտի տան թավշյա իշխանությունները՝ անցնելով երկաթե բռունցքի տարփողվող կեցվածքին, մնում է անհայտ, որովհետև, ինչպես ցույց է տալիս իրականությունը, սրանց կշտանալու վերջը չի երևում։