Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ երեկ Մոսկվայում վերսկսվել են բանակցությունները Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչների միջև։ Այս մասին հաղորդում է «Ազատություն»-ը: Եռակողմ այս շփումները կլինեն շարունակական, նշում են այս գերատեսչությունից՝ չմանրամասնելով հանդիպման կոնկրետ օրակարգն ու մասնակիցներին։

Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունն էր տեղեկություն տարածել, որ հուլիսի 2-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է եղել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման ուղիների վերաբերյալ քննարկմամբ։ Ըստ հայաստանյան մամուլի՝ հանդիպման առանցքում նաև 8 օր առաջ հայկական տարածքից գերեվարված 6 հայ զինծառայողների վերադարձի հարցն է եղել։

Ինչպե՞ս են ավարտվել բանակցությունները, արդյոք հայտնի՞ է հաջորդ հանդիպման ժամկետը, պաշտպանական գերատեսչությունը մանրամասներ չի փոխանցում, հեռախոսազանգերին չեն արձագանքում վարչապետի պաշտոնակատարի մամլո խոսնակը, Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի ղեկավարը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ այս հանդիպմանը մասնակցել են ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովը, Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Արդեն 23 օր է` ադրբեջանական զորքերը ներխուժել են հայկական տարածքներ՝ կիլոմետրերով խորացել Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի ուղղությամբ, ադրբեջանական կրակահերթից մեկ հայ զինծառայող է սպանվել, 6-ը գերեվարվել են: Սահմանին պարբերաբար հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև ձեռնամարտեր, ծեծկռտուքներ են տեղի ունենում, վերջինը երեկ առավոտյան էր՝ Գեղարքունիքի մարզում: Հրազեն չի կիրառվել, տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից: Երկու հայ զինծառայողներ թեթև մարմնական վնասվածք են ստացել։

Մարզի գյուղերում արդեն սովորում են ադրբեջանական վրանների գոյությանն արոտավայրերում, իրենց բարձունքներում: Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիթչյանն ասում է` ադրբեջանցիները անխախտ տեղում են. «Նույն տեղերում կանգնած են, նույն դիրքերում, օրը 30 անգամ տեղանք ենք նայում հեռադիտակով, դե անզեն աչքով հեռվի մեջ լավ չեն երևում, բայց հեռադիտակով նայում ենք` իրենց նույն տեղերը, իրենց վրանները, զինվորները»: