Տեղեկությունները, թե ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Ավելի վաղ տելեգրամյան ալիքներում հայտնվեց տեղեկություն, թե Արտաքին գործերի փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել, ինչը հերքեցին արտաքին գերատեսչությունից։

«Մեր բոլոր փոխնախարարներն այս պահի դրությամբ կատարում են իրենց պարտականությունները»։
Դիտարկմանը, որ փոխնախարարները հրաժարվել են մասնակցել կառավարության այսօրվա նիստին, ԱԳՆ-ից հայտնեցին, որ բոլորն այս պահին զբաղված են.

«Չորսն էլ զբաղված են՝ երկուսը գործուղման մեջ են, երկուսն էլ կարևոր հանդիպում ունեն, դրա համար չեն կարողացել մասնակցել նիստին»,- հայտնեցին ԱԳՆ-ից։

Հիշեցնենք՝ մայիսի 27-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, ապա մայիսի 31-ին ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից հրաժարվեց Աննա Նաղդալյանը։ Նույն օրը պաշտոնից ազատվեց նաև արտգործնախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։