«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսից մինչեւ սեպտեմբեր չի շահագործվելու։ Մեզ հայտնի դարձավ, որ այս ընթացքում Ռուսաստանում գտնվող մեր այն հայրենակիցները, որոնք ավիատոմսեր էին գնել հուլիս, օգոստոս ամիսների համար եւ պետք է Շիրակ օդանավակայանով վերադառնային հայրենիք, այս ընթացքում հետ են վերադարձնում դրանք։

Թե ինչու մի քանի ամիս չի շահագործվելու, այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտե, որտեղից, բնականաբար, մեր երկարատեւ զանգերին չպատասխանեցին։ Իսկ, ահա, քաղավիացիայի «Թեժ գիծ» հեռախոսահամարին զանգահարելուց հետո պարզ դարձավ, որ օդանավակայանը ժամանակավոր է փակվում հուլիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը։

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օդանավակայանն իրականում փակվում է՝ վերանորոգման եւ հետագայում ռազմական նշանակության ծառայելու համար։ Ի դեպ, օդանավակայանի տեխնիկական սպասարկման ղեկավար Հենրիկ Սարգսյանի խոսքով՝ այն նաեւ ծառայելու է ռազմական օդանավերի համար։ Ավելին, «Շիրակ» օդանավակայանի նոր ծածկույթը համապատասխանելու է ռազմական օդանավերի թռիչքների եւ վայրէջքների համար, իսկ օդանավակայանի վազքուղու վերակառուցման ծրագիրը, փաստորեն, նախատեսված է իրականացնել հուլիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։