Լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանին, ում ադրբեջանական զորքերը նոյեմբերի 10-ին գերի էին վերցրել Շուշիի մոտ, տեղափոխել են հիվանդանոց։ Այդ մասին Asbarez.com կայքին հայտնել են Էուլջեկչյանի 18-ամյա դուստրը և մայրը:

Ընտանիքի անդամները հայտնում են, որ Վիգեն Էուլջեկչյանը զանգահարել է Ադրբեջանի հիվանդանոցից, որտեղ նրան տեղափոխել են Կարմիր խաչի աշխատակիցները: Նա ընտանիքին ասել է, որ ունի մեջքի ցավեր:

Ինչպես հարազատներն են նշում՝ խոսակցությունը շատ կարճ է տևել, և նրան չեն կարողացել շատ հարցեր տալ:

Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեկչյանը գերեվարվել է Շուշիի մոտ՝ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց։ 2020 թ. նոյեմբերի 10-ին Մարալ Նաջարյանի հետ Վիգենը մեկնել է Արցախ, որպեսզի իր իրերը վերցնի Շուշիի հյուրանոցից: Նրանց կանգնեցրել են ադրբեջանական զորքերը և ավտոբուսով տեղափոխել Բաքու։

Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021-ի մարտին, Վիգեն Էուլջեկչյանը դեռ գերության մեջ է, Ադրբեջանը նրա դեմ սկսել է դատավարություն՝ մեղադրելով նրան 3 հոդվածներով և ներկայացնելով որպես վարձկան: