Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` կողմերին հորդորելով վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ:

Միշելը կոչ է արել «երկու կողմերին շտապ համագործակցել ռազմագերիների և կալանավորվածների վերադարձի հարցում և ականադաշտերի ու այլ կարևոր հումանիտար հարցերում ապահովել լիարժեք թափանցիկություն»:
«Եվրամիությունը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության, կայունության և բարգավաճման մեջ, որպես ԵՄ Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մաս», – ասված է հայտարարությունում: