«Բանակում կար կազմակերպչական լուրջ խնդիր, տեսնում էինք, որ հրամանատարությունը բացակայում է։ Օրինակ՝ Հադրութի շրջանում ես դա տեսել եմ։ Ես ներսում եմ եղել, երբ Հադրութը գրավել են։ Երեք մետրի վրա առնչվել եմ ադրբեջանցիների հետ։ Բարդ էր Հադրութ մտնելը, բայց նրանք բարդությամբ չեն մտել»․- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին։

Վերջինս նաև վստահություն հայտնեց, որ բարձրաստիճան հրամանատարները չէին տիրապետում իրավիճակին, չգիտեին, ինչպես կազմակերպել պատերազմը։ Եվ որ մեր զոհերի մեծ մասը եղել է պատրաստ չլինելու պատճառով։

Եվ ավելացնում է, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո առաջին խնդիրը պետք է լինի համապատասխան հանձնաժողովի ստեղծումը, որ մանրամասն քննարկվի, թե ովքեր ինչ բացթողում են ունեցել։

Դ․Սանասարյանն անդրադարձավ նաև ՊՎԾ-ում իր գործունեությանը և ասաց, թե որ կառույցի հետ է առնչվել, այնտեղ տեսել է կոռուպցիայի շատ բարձր մակարդակ։ Նա ցավով նշեց, որ ուսումնասիրություններ չի արել պաշտպանության ոլորտում․

«Իմ առաջարկը եղել է, որ առաջինը հենց այդտեղից սկսեմ։ Տարիներ շարունակ մեր երկրի բյուջեից մի մեծ բաժին գնացել է պաշտպանությանը։ Եվ ոչ թե ինչ-որ մեկին պատժելու համար, այլ հասկանալու, թե ոլորտում ինչ վիճակ է։ Երբ դու նախապատերազմական վիճակում ես, բոլորը հասկանում էին, որ պատերազմը հեռու չէ, պետք է քարտեզագրես, գույքագրես, թե ինչ խնդիր ունես։ Այն ժամանակ որոշվեց, որ դրա ժամանակը չէ»,- հավելում է նա։

 

Մանրամասները՝  տեսանյութում։