Հայաստանի բռնցքամարտի հավաքականն արդեն Փարիզում է և վերջին մարզումներն է անցկացնում վարկանիշային մրցաշարից առաջ: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։ Պատվիրակությունը մրցավայր է մեկնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ և հանգրվանել է Հիլթոն հյուրանոցում: Թեպետ մրցաշարի կազմակերպիչ կողմը դեռ պաշտոնապես չի ներկայացրել մրցումային գրաֆիկը, բայց ըստ նախնական տվյալների մրցաշարի մեկնարկային օրը՝ հունիսի 4-ին հայ մարզիկներից ռինգ դուրս կգան 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Ներսիսյանի մրցակիցը կլինի Խորվաթիայի ներկայացուցիչը, իսկ Մանասյանը կմենամարտի անգլիացի բռնցքամարտիկի հետ: