Գործող իշխանության որդեգրած քաղաքականությունը ոչ թե պատերազմ է չեզոքացնում, այլ պատերազմը բերում է Հայաստան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Պատգամավորը մեզ հետ զրույցում հաստատեց, որ պատերազմի ընթացքում տեղի ունեցած ԱԽ նիստերին, որոնց ներկա են եղել նաև ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, ԳՇ-ն ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը.

«Այն նիստերին, որոնց ես մասնակցել եմ, ներկայացվել են զեկույցներ սահմանային իրավիճակի մասին, ներկայացվել է՝ թե ինչ է կատարվում: Այլ մանրամասներ օրենքը թույլ չի տալիս բացահայտել, բայց մեղմ ասած զարմացած եմ հիմա իշխանության արձագանքներից»,-ասաց Աբովյանը:

Հիշեցնեք, որ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը հայտարարել է, որ հոկտեմբերին տեղի ունեցած անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները, Վեհափառը, ՀՀ նախագահը, ԳՇ այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել է պատերազմի դաշտում տիրող վիճակը առ այն, որ պարտվում ենք, ինչը հաստատել է նաեւ Դավիթ Տոնոյանը։ Սակայն Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ չի տեղեկացրել, որ ՌԴ նախագահն ունի պատերազմը դադարեցնելու հստակ առաջարկ, ինչին հայկական կողմից տրվելիք համաձայնության դեպքում հնարավոր կլիներ փրկել հազարավոր կյանքեր, Շուշին ու Հադրութը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և հայ զինվորների գերեվարմանը, պատգամավոր ասաց.

«Իշխանության որդեգրած քաղաքականությունը ոչ թե պատերազմ է չեզոքացնում, այլ պատերազմը բերում է Հայաստան: Եթե մեր զինվորներին գերեվարել են, մենք էլ պետք է գերեվարենք: Հերիք է այս իրավիճակում խաղեր խաղալ և ելքեր փնտրել: Ելքը շատ պարզ է, մտել են մեր տարածք, ինչի՞ մասին եք բանակցում»,-ասաց Աբովյանը և ընդգծեց, որ հակառակորդի նպատակը մեկն է՝ հայաթափել սահմանային գոտին և առաջ գալ:

Պատգամավորը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև միջազգային դիտորդներ տեղակայելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին և նկատեց, որ դրանով մենք վիճելի ենք դարձնում ՀՀ տարածքները.

«Մենք մեր ձեռքով մեր տարածքը վիճելի ենք դարձնում: Եթե դու համաձայնվում ես չեզոք զոնա ստեղծել, դիտորդներ տեղակայել, նշանակում է, դու համաձայնվում ես, որ ՀՀ տարածքնեը վիճելի են: Այն գործողությունները, որոնք փորձում են ներկայացնել որպես իրավիճակից դուրս գալու ելքեր,անհամապատասխան են նույնիսկ տրամաբանությանը»,-ասաց Աբովյանը :