Ռուսաստանում հայերի միության նախագահը բառեր չի գտնում նկարագրելու Հայաստանում ստեղծված իրավիճակը:

«Ես ինչ ասում եմ, կարճ եմ ասում՝ վստահությունը բոլորս բոլորի նկատմամբ կորցրել ենք, բարոյական նորմաները չգիտեմ՝ որտեղ են գտնվում, ինչ խորությամբ ասեմ, չկա համագործացություն, չկա  ստրատեգիա, թե ուր ենք ուզում գնալ» ,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ, Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նա նկատեց, որ հայկական կողմին չհաջողվեց վերադարձնել 44 օրյա պատերազմի գերիներին, բայց թշնամուն հաջողվեց ներխուժել ՀՀ  սահմաններ ու նոր գերիներ տանել:

«Այսօր չեն էլ խոսում, մոռացել են, հանրային հեռուստատեսությամբ  պրոպագանդա  են  անում, թե ՀՀ տարածքում կան գյուղեր, որոնք ադրբեջանական են, վարչապետն ասում է՝ Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք անելու, ինձ համար անհասականալի է, չէի պատկերացնում, որ այս վիճակում կարող ենք լինել»:

Նա նաեւ անդրադարձավ 44 օրյա պատերազմում զոհված  զինծառայողների աճյունների ու մասունքների  պահպանման խայտառակ ձեւերին.  «Վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ դեռ պետք է նշանակեմ, տեսնեմ ինչ է , շատ լավ էլ գիտեք՝ ինչ վիճակ է, միջոցներ ձեռնարկեք, այ Փարիզ գնալու փոխարեն այդ հարցերը պետք է լուծեր»:

Ըստ Արա Աբրահամյանի՝ ընտրություններին մասնակցող ուժերը ՀՀ նման փոքր պետության համար չափազանց շատ են, հնարավոր չէ երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել կուսակցության ծրագիրը. նրա խոսքով՝  կուսակցության առաջնորդները պետք է համախմբվեն, վերջ տան իրար արժեքազրկելուց, ժողովրդին ցույց տան, որ իրենք փոխվել են, ուզում են կառուցեն, ուզում են Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից. «Ես ոչ վարչապետ եմ ուզում դառնալ, ոչ՝ դեպուտատ, ես ուզում եմ օգնել, 30 տարի այս ժողովրդի կողքին եմ, միշտ մասնակցել եմ այս երկրի կառուցմանը: Ես միշտ դեմ եմ եղել այս իշխանությանը, առաջին օրվանից ասել եմ, որ սա  մի փորձանք բերելու է, առաջին օրվանից ասել եմ, որ փողոցը չի կարող իշխանության գալ: Բոլոր նախագահները իրար ոչինչ չփոխանցելով՝ ոչ իրենց կապերը, ոչ իրենց փորձերը, ուժեղ կողմերը, ամեն մեկն եկավ, հաջորդին սկսեց արժեքազրկել, ինչ ասես ասել, վերջում էլ եկավ այս մարդն ու արեց անթույլատրելին: Նա պետք է գնա ու վերջ, ընտրություն էլ չպետք  էլինի, որ գնա, այս ժողովրդին օգնած կլինի»: