Նիկոլ Փաշինյանը լավ ընդդիմադիր էր, բայց լավ ընդդիմադիրը դեռ չի նշանակում, որ կարող ես լավ կառավարիչ կամ ղեկավար լինել: Լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա համոզմամբ՝ ակնհայտ էր, որ ողջ քարոզարշավը վերածվելու է ներկա-նախկին բանավեճի և վիրավորանքների.

«Ժողովուրդն արդեն հոգնել է այդ «ղալմաղալից», դրանք ոչ մի բան չտվող, ոչ մի տեղ չտանող խոսակցություններ են: Այս ընտրությունների ամբողջ նպատակն այն է, որ հունիսի 21-ին մենք նորովի մեր երկիրը վերականգնենք, համերաշխ լինենք և համախմբվենք, եթե դա չի լինելու, ստացվում է՝ անիմաստ է ընտրություններ անելը»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Անդրադառնալով Աբովյան փողոցում տեղի ունեցած այսօրվա սպանությանը, Մարուքյանն ասաց, որ բոլոր ոլորտներում առկա են թերություններ.

«Բոլոր համակարգերում այս վիճակն է: Պետական կառավարման ինստիտուտները գտնվում են ճահճացման, քաոսի մեջ: Դրա համար էլ բոլորի մոտ սպասողական վիճակ է, տեղեկություններ կան, որ ոչ ոք գործ չի անում, սպասում են, տեսնեն հունիսի 20-ին ի՞նչ է լինելու, որ հասկանան՝ ինչ են անում»,-ասաց Մարուքյանը: