«Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն ասում է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին «ժողովրդին կաշառելու համար միլիարդներ է ծախսում»։ Եվ որ այդ գումարները երբ ընտրողներին են փոխանցում, ասում են՝ ինչ ուզում եք, արեք։

«Այսինքն, նախկինի նման վերահսկող մեխանիզմ էլ չեն առաջարկում։ Եվ հարց է առաջանում ՝ ինչո՞ւ։ Իրենք շատ լավ գիտեն, որ Քոչարյանի նկատմամբ ատելությունն այնքան մեծ է, որ անգամ փողով որոշ տոկոս չեն կարող հավաքել։ Դա անում են ընտրությունների բեմականացումը հաջողացնելու նպատակով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ժ․Սեֆիլյանը։

Վերջինս նաև ասում է՝ պլանավորված է, որ այս ընտրություններից հետո երկիրը պետք է մտնի ավելի խորը քաոսի մեջ։ Ժ․Սեֆիլյանը համոզված է, որ վերջին երկու օրերին Հայաստանում կատարված երկու աղմկահարույց սպանությունները նույնպես այդ նպատակով են արվել։

«Թե Գորիսում և Վարդենիսում Ադրբեջանի ներխուժումը, թե մեր զինվորների առևանգումը, և թե այդ սպանություններն իրար հետ կապ ունեն։ Եվ հետապնդում են մեկ նպատակ՝ Հայաստանում խորացնել քաոսը, ինչի արդյունքում, իրենց կարծիքով, հայ ժողովուրդը պիտի ձեռքերը բարձրացնի ու Մոսկվային խնդրի՝ եկեք, մեզ ղեկավարեք։ Եվ այսօր քոչարյաններն ու նրանց շուրջը հավաքված բոլոր ծախու գործակալական ուժերը դրանով են զբաղված»,- համոզված է Սեֆիլյանը։

Ժ․Սեֆիլյանն անդրադարձավ նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա և Բրյուսել կատարած այցերին։ Ասաց, որ դրանք ունեն երկու նշանակություն՝ նախ նախընտրական։

«Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա է գնացել նաև ասելու՝ մի խանգարեք ռուս թուրքական պլանի իրագործմանը։ Փաշինյանը գնացել է հակահայկական ծրագիր ներկայացնելու։ Շուտով պարզ կդառնա, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց նա։

Ըստ Ժ․Սեֆիլյանի, եկել է այն ժամանակը, որ արևմուտքը Հարավային Կովկասում պինդ կանգնելու է։ «Շուտով լուծվելու է Ուկրաինայի հարցը, և հաջորդը Հարավային Կովկասն է»,- համոզված է նա։

Մանրամասները՝ տեսանյութում