Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատատելու սկզբունքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին:

Tert.am-ի հարցմանը, թե ինչ կարծիք ունեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի հայտնվելուց հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու առաջարկի վերաբերյալ, այսպես է արձագանքել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը.

«ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների ձերբակալությամբ: Մենք երկու կողմերին կոչ ենք անում միջադեպը լուծել շտապ և խաղաղ ճանապարհով: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ջանքերին»։ Նա նաև իր պատասխանում հիշեցրել է իրենց կառույցի մայիսի 27-ին տարածած հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքը կես ամսից ավելի է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրինակ՝ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող, Գեղարքունիքի մարզում շրջափակման մեջ են ընկել 6 հայ զինծառայող և գերեվարվել ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու համար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը, Ադրբեջանի նախագահին առաջարկել էր երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գիծ։ Նա առաջարկել էր այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ, որից հետո նույն այդ դիտորդների մասնակցությամբ կընթանան սահմանային կետերի ճշգրտման աշխատանք։