Առողջապահության նախարարության շենքի մոտից ոստիկանները տարան մեր այն տղաներին, որոնք սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 24-ը եղել են դիրքերում եւ իրենց կյանքի գնով գիտակցաբար պաշտպանել են մեր հայրենիքը։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, նախարարության շենքի մոտ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական երիտասարդը։

«Արսեն Մարդոյանին, որը Մատաղիսում դիպուկահարի կրակոցից վիրավորված, մի կերպ կյանքը փրկվել է Մատաղիսում ադրբեջանցիների հետ մարտի ժամանակ։ Հայկազին, որը վիրավորվել է հրետանու կրակոցից, մի քանի օր առաջ էլ պարզվեց, որ բեկոր կար գլխի մեջ, մի քանի օր առաջ վիրահատության արդյունքում այդ բեկորը հանեցին։ Այդ մարդկանց առանց պատճառի, ուղղակի կանգնելու համար հրաման ստացան, տարան այդ մարդկանց։ Ամոթ է, որ այս մարդիկ իմ երկրի գերբը կրում են»,- ասաց նա։

ՀՅԴ-ականի խոսքով՝ բերման են ենթարկվել 4 հոգի. «Արսենին, Հայկազին, Տարոնին եւ մեկին, անունը չեմ հիշում»։

Նշենք՝ ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հրաժարական տա:

Ակցիայի մասնակիցներին սկսեցին բերման ենթարկել այն բանից հետո, երբ ցուցարարները պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի վրա։