Արայիկ Հարությունյանին ես բնութագրում եմ որպես «կինոյի տղա»: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը:

«Այդ կինոյի տղան մեկ տարի առաջ համարձակություն ունեցավ հայտարարել, որ ինքը Արցախի անվտանգության երաշխավորն է՝ դառնալով նախագահ: Նա ամենաքիչը կիսում է պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետեւ ինքն էր առաջին հերթին Արցախի անվտանգության երաշխավորը, ինքը տեր չեղավ դրան»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի կողմից այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության կոչերին, Մետաքսե Հակոբյանն ասաց. «Դա նույնպես արվում էր ի լուր հանդիսատեսի: Ինքը թատրոն էր խաղում: Իհարկե, եղան մարդիկ, որ գնացին Արայիկ Հարությունյանի հետ համագործակցության, որովհետեւ ընդդիմադիր չեն կամ ճիշտ չեն պահում իրենց: Շատերը ցավոք սրտի, սպասում են հարմար պահի, որպեսզի պաշտոն ստանան եւ կերակրամանից օգտվեն, ինչին վերջին ամիսներին տեղի ունեցավ: Միակ քաղաքական ուժը մենք էինք, որ որեւէ համագործակցության չգնացինք»:

Արցախի ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ 2020-ի նոյեմբերի 12-ին Արցախի ԱԺ 4 քաղաքական ուժեր պահանջեցին Արայիկ  Հարությունյանի հրաժարականը, նաեւ փրկության ճանապարհային քարտեզ ներկայացրին. «Դա ուժերի համախմբում էր ակնկալում, որպեսզի կարողանայիք դուրս գալ այդ վիճակից: Դա տեղի չունեցավ, որովհետեւ 4 խմբակցություններից մեկը՝ «Միասնական Հայրենիքը» արագ փոխվեց եւ կրկին վերադարձավ իր հին գործելաոճին: Շատ-շատերն ուղղակի հայտնվեցին Արայիկ Հարությունյանի նավի մեջ: Այդ նավը, միեւնույն է, խորտակվելու է, բայց շատերը փորձառու են, կփախչեն մինչ այդ:

Դրանից հետո ամեն ինչ վերածվեց շոուի, որից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց բացահայտ կառավարել Արցախում, կատարել նշանակումներ, նաեւ ինչ-որ տարօրինակ դիամական միջոցների ներհոսք Արցախ, ինչ-որ հիմնադրամների ստեղծում Արցախում: բոլորս ենք հասկանում, թե ինչ մեխանիզմներով են այդ հիմնադրամների միջոցով գրպանում այդ գումարները»,- ասաց նա:

«Այս ընթացքում Արայիկ Հարությունյանն սկսեց նախագահ-նախագահ խաղալ: 7 ամիսներին նա բացարձակ չի երեւացել օրենսդիր մարմնում, ինչը մենք գնահատում ենք որպես վախ: Ինքը վախենում է գալ ու պատասխանել մեր հարցերին: Նա գիտի, որ շատ արագ կբացահայտվի այն իրականությունը, որը իր թեթեւ ձեռքով կա:

Նա, իբր, անտարբեր է իրեն պահում ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակին եւ լծվել է Արցախում շինարարության գործին: Իհարկե, Արցախին այսպր պետք են բնակարաններ, սոցիալական աջակցություններ, բայց այդ բոլորը եւս կատարվում է իրենց նեղ շրջանակի համար»,-ընդգծեց Մետաքսե Հակոբյանը: