Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տարածաշրջանում հրադադարի ապահովման եւ պահպանման գործում Ֆրանսիայի որեւէ դերի բացակայությունը:

«Տարածաշրջանում զինադադարն ապահովվում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Ռուս խաղաղապահները, որոնք ժամանակավորապես տեղակայվել են Ադրբեջանի տարածքում, փորձում են ապահովել հրադադարի պահպանումը։ Այս հարցում Ֆրանսիայի ոչ մի դերակատարում չկա»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլլաեւան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը միշտ էլ կողմ է եղել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների փոխանակմանը։ «Բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք հայ ռազմագերիներ չունենք։ Ինչ վերաբերում է 2020թ.նոյեմբերի 26 — ին ձերբակալվածներին, ապա նրանք ռազմագերիներ չեն», — ընդգծել է նա:

Աբդուլաեւան հավելել է, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ երկխոսություն է իրականացվում, այդ թվում՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա: «Եվ այս հարցում Ֆրանսիան ոչ մի դերակատարում չունի», — նշել է նա։