Կանադայի իմունիզացման հարցով ազգային խորհրդատվական կոմիտեն հավանության է արժանացրել կորոնավիրուսի դեմ AstraZeneca, Moderna և Pfizer ընկերությունների պատվաստանյութերի համատեղ կիրառումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է առկա գիտական տվյալների և փորձագետների կարծիքների հիման վրա:

Կոմիտեից պարզաբանել են, որ կանադացիները կարող են պատվաստվելիս առաջին ներարկման ժամանակ օգտագործել պատվաստանյութերից մեկը, երկրորդի համար՝ մյուսը: Սակայն կա մի պայման, որը պետք է պահպանվի: Առաջին ներարկմամբ AstraZeneca-ի պատվաստանյութն ստացած անձանց կարելի է երկրորդ ներարկումն անել ցանկացած երեք դեղամիջոցով: Սկզբում Moderna կամ Pfizer ընկերությունների դեղամիջոցն ստացած անձինք երկրորդ ներարկումը կարող են ստանալ դարձյալ այդ երկու պատվասթտանյութից մեկով:

Պատվաստման գործընթացը Կանադայում մեկնարկել է դեկտեմբերի 14-ին: Ներկա պահին երկրում այդ երեք դեղամիջոցից բացի հասանելի է նաև ամերիկյան Johnson & Johnson ընկերության դեղամիջոցը: Կանադայում պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 12 տարեկանից բարձր բնակչության 65.9 տոկոսը: